Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, ճիշտ կլինի տեղափոխել 30 օր հետո. Մարության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցներն այս օրերին շարունակելու են աշխատել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձի միջոցով հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մեր ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպություններում, ինչպես Երևանի քաղաքապետարանում, 60 անց և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ուղարկել ենք տուն, և նրանք աշխատելու են տանը թվային եղանակով»,- ասել է Մարությանը: 

Ըստ քաղաքապետի՝ այս օրերին չեղարկվելու են քաղաքացիների բոլոր ընդունելությունները թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում: 

«Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ և այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի դրանք տեղափոխել 30 օր հետո: Եթե, այնուամենայնիվ, կարիք կա անցկացնել հենց հիմա, ապա, սիրելի՛ երևանցիներ, ես խնդրում եմ անել դա տանը և նեղ ընտանեկան միջավայրում»,- ասել է քաղաքապետը, ապա նաև տեղեկացրել, որ իր երեխայի ծնունդը արել են տանը:

Հայկ Մարությանը նաև հորդորել է դիմակներ կրել մարդաշատ վայրերը՝ առանց ամաչելու, բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորել:

Քաղաքապետը նաև հայտարարել է,որ աշխատելու են 24/7 ռեժիմով: 

Մանրամասները՝ տեսանյութում: