Արհմիություններ՝ անցյալի մնացու՞կ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Մայիսի 1-ը աշխարհի ավելի քան հարյուր պետություններում նշվում է որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր:

Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը հաճախ քննարկվող հարց է: Աշխատանքային իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը հակասական բնույթ ունի, ինչը հիմնականում վերագրվում է արհմիությունների անբավարար աշխատանքին: 

Արհմիություններն աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովող հիմնական մարմիններն են, իսկ այդ իրավունքները հաճախ խախտվում են: 



 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ևս փաստում է, որ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, բայց հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր է լուծել առկա բացերը. 

«Ես չեմ ուզում տոնենք այդ օրը, որովհետև մենք վաղուց աշխատանքային իրավահարաբերություններում տոնելու որպես էդպիսի բան չունենք: Բայց ես ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ այս օրը փաստենք, որ այն երկրներում որոնք ձգտում են ունենալ ժողովրդավարություն, էդտեղ պետք է լինեն արհմիություններ»:

Հայաստանում ամենամեծ արհմիության ոլորտը կրթության, գիտության ճյուղային հանրապետական միությանն է պատկանում, իսկ եթե խոսենք ընդհանրապես ընկերությունների մասով, ապա մոտ 100%-ոց արհմիութենական անդամակցություն կա հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ արհեստակցական ընկերության նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ընդամենը 9-ը աշխատակից ունեն, որ չեն անդամակցում ԶՊՄԿ-ի արհմիությանը․ «Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը, ընդհակառակը ես որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ, փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին,որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին՝ առողջ կոլեկտիվ, լավ պայմաններ, աշխատանքի անվտանգություն ունենալ, որպեսզի ավելի լավ վիճակում լինենք»:

 Այսպիսով,  արհմիությունների կարողությունների զարգացմամբ ի վերջո հնարավոր է հասնել աշխատանքային իրավունքների պաշտպանության բարելավմանը: Սակայն հատկանշական է մեկ փաստ, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ արհմիությունների առանցքային գործառույթների մասին, որոնց միջոցով կարող են պայքարել իրենց խախտված իրավունքների համար՝ լինելով պահանջատեր ու հետևողական։

Մանրամասները` 24News-ի տեսանյութում:

Մերի Մանուկյան

--00—ՍՊ