Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը չի գրոհել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

նե

Իրանի իշխանություններն առնչություն չունեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա գրոհներին՝ չնայած իրենց աջակցությանը ՀԱՄԱՍ-ին և դրան աջակցող խմբավորումներին։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Իրանը կապ չունի տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա ոչ մի հարձակման հետ», - ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայում և Իրաքում ամերիկյան ուժերի վրա հարձակումներն իրականացրել են այլ ուժեր՝ «իրենց սեփական որոշմամբ»։

Պաղեստինաիսրայելական ներկայիս հակամարտության ընթացքում ԱՄՆ ռազմակայանները Սիրիայում և Իրաքում հարձակումների են ենթարկվել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: Պենտագոնի մամուլի քարտուղարը նոյեմբերի 9-ին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ից նման գրոհների թիվը հասել է առնվազն 46-ի։

Թեհրանին մեղադրում են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը և Լիբանանում, Սիրիայում, Իրաքում ու Եմենում տարբեր խմբավորումների զինելու մեջ։ Իրավանին հայտնել է, որ Իրանը «չի պատրաստվում ընդլայնել առաջնագիծը», և աշխատել է տարածաշրջանում իր գործընկերներին հանդարտեցնելու ուղղությամբ, սակայն, ըստ նրա, մյուսները նույնպես պետք է անեն իրենց գործը։

Նոյեմբերի 8-ին Եմենի «Անսար Ալլահ» խռովարարական շարժումը հայտարարել էր, որ հութիները երկրի տարածքային ջրերի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Նոյեմբերի 9-ին ամերիկյան ուժերը բախումների էին բռնվել Սիրիայի բանակի զինվորների հետ Դեյր էս Զորի նահանգում, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ զինված ուժերը «ինքնապաշտպանական» հարված էին հասցրել Սիրիայում զենքի պահեստին, որը, Վաշինգտոնի պնդմամբ, օգտագործվում էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հետ կապված խմբավորումների կողմից: Նոյեմբերի 8-ին Իրաքում ամերիկյան ռազմաբազան ևս ենթարկվել էր հարձակման։ 

--00—ԼՀ