ՀՀ պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կնվազեցնի կոռուպցիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

գ





Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ:



Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր Սինոփսիս ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։



Զրույցի ընթացքում քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի Հանրապետության առկա սերտ և արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ կիսահաղորդիչների արտադրության մեկնարկի ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանմանն ու ջանքերի մեկտեղմանը։



Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում մանրամասներ է հայտնել Հայաստանի տնտեսության մեջ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժնի և վերջինիս կարևոր դերակատարության վերաբերյալ։



Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, և ընթացիկ թվայնացման աշխատանքների վերաբերյալ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, կարևոր քայլ կլինի այս ոլորտում կոռուպցիոն երևույթների նվազեցման և կանխարգելման գործում։



Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են կրթական համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների համագործակցությամբ կրթության բնագավառում իրականացվող ներդրումներն ու կրթական ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը։



Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության տասնամյակների գործունեությանը։ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել ՀԲԸՄ դերակատարությունը Հայաստանի պետականության կայացման ու ամրապնդման, հայապահպանության, կրթության, սոցիալական և այլ բնագավառներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչման գործում։



Նախագահը վստահություն է հայտնել, որ ՀԲԸՄ-ն առաջիկայում էլ շարունակելու է իր կարևոր առաքելությունը Հայաստանի պետականության հզորացման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և սերտացման գործում։



Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ կարևորել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեության վերկուսակցական բնույթը և մշտապես պետականության կողքին գտնվելու և Հայաստանի զարգացման գործում իր նպաստն ունենալու սկզբունքային դիրքորոշումը։



Հանրապետության նախագահը շեշտել է հնարավոր բոլոր բնագավառներում հայաստանյան պետական մարմինների և ՀԲԸՄ սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում աջակցել ՀԲԸՄ նախաձեռնություններին և ծրագրերի կյանքի կոչմանը։

--00—ՍՊ