Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

զի

Պարզվել են զինծառայողների նկատմամբ վերադասի կողմից բռնություն գործադրելու, ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել է, որ կոչումով լեյտենանտ զինծառայողը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար, պատասխանատու լինելով վաշտի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու նկատմամբ դրսևորել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայողական կանոնագրքի դրույթներին հակասող վարքագիծ:

Մասնավորապես՝ վերջինս, շարքի դիմաց, ներկա գտնվող ծառայակիցների ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է կատարել մարտական հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնող զինծառայողի հասցեին, ինչի արդյունքում 2023թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի կրակային դիրքի հարակից տարածքում՝ խրամբջիջներից մեկում զինծառայող Ալեքս Ավանեսյանն իրեն ամրակցված գնդացրից կրակոց է արձակել իր գլխի ճակատային հատվածին և ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից մահացել։ Բացի այդ, վաշտի հրամանատարը այլ զինծառայողների ներկայությամբ բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՀ