Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը նշեց՝ որպես ձերբակալման հիմք նշված է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները։ Իսկ թե ինչով է խախտել, Աթանեսյանը չգիտի․ «Քննիչին այդ հարցն ուղղեցի, բայց պարզաբանում չստացա»,-ասաց նա՝ հավելելով, որ լրացվել է նաև Աշոտյանին առաջադրված մեղադրանքը․ «Ոչ թե փաստական կազմը, այլ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել, քննություն մեզ հետ չի տարվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում»։

Աթանեսյանը կարճ ներկայացրեց մեղադրանքը՝ որակելով այն ծիծաղելի․«Բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի։ Գումար չի կորել, այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում է բժշկական համալսարանին և հիմա արժի 2 անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ