Առաջին քաղաքական բանտարկյալը, ում պաշտպանել եմ, եղել է ՍԴ տխրահռչակ դատավոր Վահե Գրիգորյանը.փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot_12

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ փաստաբանական կարիերայում առաջին քաղաքական բանտարկյալը, ում պաշտպանել եմ, եղել է իմ նախկին ընկեր, ներկայումս Սահմանադրական դատարանի տխրահռչակ դատավոր Վահե Գրիգորյանը: Դա արդեն հեռավոր 2005 թվականն էր, երբ դատական համակարգ կարելի է ասել չկար և, ճիշտն ասած, հույս էլ չկար, որ կհաջողենք: Իմ ջանքերով ձևավորվեց լավագույն փաստաբանական թիմ՝ 10 փաստաբանից: Բնական է, որ Վահեն չուներ ֆինանսական միջոցներ նման թիմի համար, իսկ տեխնիկական խնդիրներ կային:

Ֆինանսավորում ստացանք հոլանդական «Փաստաբաններ փաստաբանների համար» կազմակերպությունից: Փաստաբանական թիմի ներքին աշխատանքը հետևյալն էր՝ դե 10 փաստաբան, 10 կարծիք ու քննարկումները կարող էին լինել անվերջ, ուստի պայմանավորվեցինք, որ բոլորս հայտնում ենք կարծիք, իսկ որոշում է կայացնում փաստաբան Արթուր Գրիգորյանը, ով այդ պահին երևի Հայաստանի լավագույն փաստաբանն էր: Անհավատալիորեն մեր պայքարը տվեց դրական արդյունք՝ Վահեն կալանքից ազատ արձակվեց, տարիներ անց գործը կարճվեց հանցակազմի բացակայությամբ, հաղթեցինք նաև ՄԻԵԴ-ում:

Ինչու արդարության մարտիկը դարձավ կապիտուլյանտի խամաճիկ, դա այլ ու շատ ցավոտ հարց է, բայց մեր հաղթանակի գրավականներից էր փաստաբանական թիմի ճիշտ ընտրությունը, փոխադարձ հարգանքով աշխատանքը, սնափառության բացակայությունը, ինչպես նաև անկոտրում ու մեզ հարգող ու վստահող պաշտպանյալը:

Ժամանակները փոխվում են, այդ ամենը անցյալում է, ցավոք, դառնում է հուշ, իսկ հին փաստաբանները՝ իրենց սկզբունքներով, կորում են ասպարեզից՝ այլևս չպահանջված ու չհասկացված լինելու պատճառով»:

--00—ՅՄ