Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

գ.

Ղազախստանում կայացել է Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։

Այս  մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախական միջպետական փոխգործակցության հետագա զարգացման հարցում խորհրդարանական աջակցման մասով՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված բարձր պայմանավորվածությունների իրագործման շեշտադրմամբ։

Այս համատեքստում արձանագրվել է Հայաստանի և Ղազախստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետևողական առաջմղման պահանջվածությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ճյուղային միջխորհրդարանական կառույցների շրջանակներում։

Դիտարկվել է «Հայաստան-Ղազախստան» միջխորհրդարանական բարեկամական խմբի հերթական նիստի նախապատրաստական ընթացքն, ինչպես նաև երկկողմ շփումների և այցերի ժամանակացույցը։

--00—ԼՀ