Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News       

1099072.jpg

Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բուժտնօրեն Իվանե Չխեիձեն հայտնել է, որ բժշկության բնագավառում հայտնվել է նոր տերմին՝ «տրիպլդեմիա», որը նշանակում է միաժամանակ երեք ինֆեկցիայի շրջանառություն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Մասնագետի խոսքով՝ դրանք են գրիպը, կորոնավիրուսը և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը: Տրիպլդեմիան հանդիպում է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, նշել է Չխեիձեն: Բոլոր երեք վիրուսների դեպքում արձանագրվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, կոկորդի ցավ, գլխացավ և թուլություն:

Սակայն կան նաև տարբերություններ. մասնավորապես, այժմ Վրաստանում տարածված կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակին բարձր ջերմությունը հատուկ չէ, այն տատանվում է 37,5-ից մինչև 38 աստիճանի սահմաններում: Իսկ գրիպի դեպքում ջերմությունը բարձրանում է 38-ից ավելի, առկա է թուլություն, գլխացավ և հազ: Չխեիձեի խոսքով՝ գրիպն ընթանում է անհամեմատ ավելի ծանր, քան կորոնավիրուսը:

Հատկապես հարկ է առանձնացնել նաև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսները, որոնք, բժիշկների խոսքով, ախտահարում են ստորին շնչուղիները, հետևաբար, զարգանում է բրոնխիոլիտ: Հիվանդները գանգատվում են հաճախացած շնչառությունից, առատ քթարտադրությունից, վատ ախորժակից: Այս վիրուսի դեպքում ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մինչև մեկ տարեկան երեխաներին, առանձին դեպքերում հարկավոր է բուժումն անցկացնել կլինիկայում: Երեք վարակների դեպքում էլ բարդություն է համարվում թոքաբորբը:

Բրոնխիոլիտը հիմնականում արձանագրվում է մինչև երկու տարեկան երեխաների շրջանում: Բարդությունների թվում է և՛ ականջի բորբոքումը, և սինուսիտը, բայց դրանք կյանքի համար վտանգավոր չեն, ինչպես, օրինակ, թոքաբորբը: Ակնկալվում է, որ սուր շնչառական վարակների տարածումն իր գագաթնակետին կհասնի դեկտեմբեր-հունվարին:

--00--ԶՀ