ԵՄ-ն մտադիր է շարունակել իր աշխատանքը՝ որպես ազնիվ միջնորդ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

150923.thumb_.jpg

Եվրամիությունը կշարունակի իր միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, տեղեկացնում է Regnum-ը:

«Եվրախորհրդի ղեկավարը շփման մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, ես այսօր շփվում եմ արտգործնախարարների հետ։ ԵՄ-ն մտադիր է շարունակել իր աշխատանքը՝ որպես ազնիվ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է նաև, որ կողմերին անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։

--00—ԶՀ