ՀՀ-ի մասով Ֆրանսիայի դիրքորոշումը համընկնում է ԱՄՆ և ԵՄ մոտեցումներին. սա նոր քաղաքական վարքագիծ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

a88795da-b5d4-4922-852a-7189c4fe7bff.jpg

Ֆրանսիայի դիրքորոշումը ռուսական տիրույթներում արևմտյան ներթափանցման ազդեցության գոտիներ ստեղծելու ընդհանուր մոտեցումն է, որը համընկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության մոտեցումներին։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի քայլերին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ուղղությամբ։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Փարիզում ընդունել էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Համատեղ ասուլիսին Մակրոնը կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները։ «Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար։ Եվ որ առանց հապաղելու երկխոսությունը պետք է վերսկսվի», - ասել էր Ֆրանսիայի նախագահը: Վերջինս նաև նշել էր, որ Ֆրանսիան կանի ամեն ինչ, որ Հարավային Կովկասը լինի կայուն, հուսալի և բարգավաճ տարածաշրջան։

Բացի այդ, Ֆրանսիան այն պետություններից մեկն էր, որն Ադրբեջանին հասցեական նշել էր որպես սեպտեմբերյան հարձակման պատասխանատու և կոչ արել զորքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ու վերադառնալ ելման դիրքեր։

Միջազգայնագետ Շահան Գանտահարյանն ասաց, որ
Ֆրանսիայի նախագահի ելույթում ուշագրավ ուղերձներ են հնչել։

«Այսպես, նա հաստատում է, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքը, ավերել քաղաքացիական ենթակառուցվածքներ: Մակրոնը սա անընդունելի է համարել և հաստատել, որ Ֆրանսիան այս առումով ստանձնել է իր պարտականությունները:
Այս հաստատումը ուղղակի ագրեսոր է համարում Ադրբեջանին, դատապարտում նրա ներխուժումը հայաստանյան ինքնիշխան տարածքներ և փոխանցում, որ հրադադարի հաստատման կամ ուժի կիրառման շարունակության առումով Ֆրանսիան դեր է վերցրել։ Եվ երբ ասվում է, որ բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես ԵՄ հովանու ներքո, և պետք է դրանք վերսկսել, դա դիվանագիտորեն շրջանցում է ռուսական միջնորդական եւ երաշխավորման գործոնը և այդ դերը բացառապես վերապահում ԵՄ-ին», - պարզաբանեց Գանտահարյանը։

Երկրորդը, ըստ «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի, այն է, որ Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. «Այս պահանջը Մակրոնն ուղղակի փոխանցել է Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք: Այս դիրքորոշումով ֆրանսիացի նախագահը դատապարտում է ուժի կիրառմամբ սահմանազատում իրականացնելու Բաքվի քաղաքականությունը»։

Երրորդը, ըստ նրա, Ռուսաստանին ուղղված սլաքն է. «Այն պարփակում է այն ուղերձը, որ 44-օրյա պատերազմի իբրև հետևանք ընդգծում է տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությունը»:

«Եվ չորրորդ․ Ֆրանսիան առաջարկ է հրապարակայնացնում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին առընչել ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը։ Սա ևս կարծում եմ՝ պետք է դիտարկել իբրև ռուսական երաշխավորման եւ միջնորդական կարգավիճակի հակակշռման գործողություն»։

Գանտահարյան կարծիքով՝ մի քանի կարևոր հանգամանք պետք է նկատի ունենալ Ֆրանսիայի քայլերում․ «Նախ, այն, որ պաշտոնական Փարիզի հայտարարությունում որոշակի հասցեականություն կա։ Երկրորդ, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ պահանջեց ադրբեջանական զորքերի՝ ելման կետ վերադառնալու մասին։ Իսկ արցախյան ուղղությամբ Ֆրանսիան համանախագահող միջնորդ երկիր է, որը համարում է, որ թե՛ արցախյան հակամարտությունը դեռ չի լուծվել, թե՛ կարգավիճակ չի որոշվել։ Ավելի ընդհանուր դիտարկումով նկատելի է համակարգելու համաձայնեցվածություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հետզհետե միջազգային ընտանիքի երկրների միջև»։

Ըստ նրա՝ սա կարելի է դիտարկել ռուսական գործոնի հակակշռման գործողությունների կոնտեքստում։ «Այս տեսության վառ ապացույցն այն է, որ Միացյալ Թագավորությունը ևս հանդես է եկել զորքերի հետքաշման պահանջով։ Միաժամանակ, կա հաշվարկ Ադրբեջանի հետ էներգիայի ոլորտում կայացած գործաքների կամ արբանյակային շուկայի ուղղություններով։ Այս բոլորով Ֆրանսիան կփորձի տարածաշրջանում դեր վերցնել և միջնորդի կարգավիճակով հանդես գալ։ Ֆրանսիան ինքը նախաձեռնեց ՄԱԿ Անվտանգության նիստը, ինչը շատ կարեւոր է», - շեշտեց Գանտահարյանը։

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն ասաց, որ Ֆրանսիայի դիրքորոշումը ռուսական տիրույթներում արևմտյան ներթափանցման ազդեցության գոտիների ստեղծելու ընդհանուր մոտեցումն է, որը համընկնում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի մոտեցմանը․ «Էներգետիկ ոլորտում մեծ կապեր ունեցող Միացյալ Թագավորությունը ևս իր դեսպանատան միջոցով հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան ելման կետեր»։

«Արևելյան Միջերկրական խնդրով հակաթուրքական դաշինքը՝ Եգիպտոս, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Թուրքիայի սպառնալիքների դեմ եթե ուներ տարբեր շարժառիթներ, ապա Հարավային Կովկասում նույնը չեն, իհարկե։ Բայց սա հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո պետք է ընկալել, որ չպետք է լինի ռուսաստանյան մենաշնորհյալ տիրույթ, սա աշխարհաքաղաքական նոր գիծ է։ Եվ չպետք է առանձին վերցնել Ֆրանսիայի դիրքորոշումը, սա հետզհետե ծավալվող նոր քաղաքական վարքագիծ է շատ ավելի համարձակ դրսևորումներով», - հավելեց նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Թուրքիային և Ադրբեջանին զսպելու հնարավորությանը՝ Գանտահարյանն ընդգծեց, որ այս հարցում ավելի մեծ գործոն է Միացյալ Նահանգները․ «Չնայած որոշ կարմիր գծեր պահպանվում են Ռուսաստանի կողմից։ Այսինքն՝ այն բոլոր ռազմական գործողությունների կամ Հայաստանի գերիշխան տարածքներ ադրբեջանական ներխուժումների ընթացքում հաշվի է առնվում նաև Ռուսաստանի գործոնը և ոչ միայն Արեւմուտքի։ Այստեղ այնպես չէ, որ Ռուսաստանի շահերից բխում է շատ ավելի լայնածավալ պատերազմը, շատ ավելի ծավալուն ներխուժումը։ Ի վերջո, Հայաստանը ռուսական ազդեցության տիրույթում է, և ցանկացած փոփոխություն չի բխում Ռուսաստանի շահերից»։

«Տեսանելի բաժինն այն է, որ կան որոշակի պայմանավորվածություններ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության կոնտեքստում։ Եվ 44-օրյա պատերազմում հաղթանակած կողմը շտապողականություն է դրսևորում իր շահերից բխող 5 կետանոց խաղաղության օրակարգային կետերն իրականացնելու համար։ Այստեղ, հավանաբար, կան որոշ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական մոտեցումներ», - եզրափակեց Շահան Գանտահարյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ