Եթե նա տղամարդ լիներ և ունենար արժանապատվություն, ապա հրաժարական կտար․ Հրանտ Թոխատյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

«Ես չգիտեմ՝ ինչ են ուզում բողոքի ակցիայի մասնակիցները և ուր են գնում, բայց շատ լավ գիտեմ՝ ինչպիսի երկիր եմ ես ուզում, շատ լավ գիտեմ՝ ինչպիսի երկրում եմ ուզում ապրել, հասկանում եմ՝ ինչպիսի քաղաքացի պետք է լինեմ, ու ինչպիսի քաղաքացիներ պետք է դաստիարակեմ այն երկրի համար, որը երազում եմ արդեն 30 տարի»,- այս մասին «Позиция» հաղորդման շրջանակներում ասել է Հրանտ Թոխատյանը՝ զրուցելով Սերոբ Օհանյանի հետ։

Ըստ դերասանի՝ կրթվածության պակասը հանգեցրեց նրան, որ մեզ մոտ գործնականում անհնար է երկխոսությունը։

Նրա կարծիքով՝ մենք դադարել ենք իրար հասկանալ, վիրավորվածությունը վերածվում է ավանդույթի։ Ժողովուրդը վրդովված է, որովհետև ոչ ոք ոչինչ չի հասկանում, իսկ երբ մեկը, որը ոչինչ չի հասկանում, գնում է մյուս չհասկացողի դեմ, և ոչ ոք ոչինչ չի բացատրում, ապա սովորական մարդը չի կողմնորոշվում՝ որ կողմ շարժվի։

«Ես եկել եմ հրապարակ, որպեսզի Արցախի հարցով նշաձողը չիջեցվի։ Բայց ո՞ւմ հետևից գնամ, հավաքեմ իմ կողմնակիցների՞ն։ Սակայն եթե բոլորը փորձեն քաշել իրենց կողմը, ամեն ինչ կվերածվի բարդակի։ Փորձել մի բան բացատրե՞լ, բայց կողմերից ոչ մեկը չի լսի։ Միակ տեղը, որտեղ ոչ ոք ինձ չի խանգարում արտահայտել մտքերս, բեմն է»,- նշել է Թոխատյանը։

Հրանտ Թոխատյանը մի հարցում է համոզված, որ Նոյեմբերի 9-ից հետո, այն մարդը, որը ղեկավարում է երկիրը, պետք է հրաժարական տա, եթե նա տղամարդ է և քաղաքացի։

Թոխատյանի համոզմամբ՝ նրանք, ովքեր այսօր իշխանության են, չեն կարող լինել երկրի ապագան։

Մանրամասները՝ տեսանյութում։