«One dollar»-ից մինչև «դարձի՛ր կինս». ի՞նչ պիտի իմանա Հուրգադա այցելող հայ զբոսաշրջիկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

նկար

Հուրգադա: Կարմիր ծովի՝ 160 հազար բնակչություն ունեցող այս քաղաքը Եգիպտոսի պահանջված հանգստավայրերից է: 

Հասկանանք՝ ինչո՞ւ է պետք հայ իրականությունից կտրվել հենց Հուրգադայում:

 

նկար
-Ինչո՞ւ են արաբները սիրահետում հայ աղջիկներին 

Սեր 1-ին հայացքի՞ց, թե՞ տուրիզմ

«Շատ սիրուն ես», «գեղեցիկ աչքեր ունես», «ինչպիսի՜ փոքր ու փամփլիկ մարմին», «արևի պես ես ժպտում». ոտքդ Եգիպտոս դնելու առաջին իսկ րոպեից արաբների «հաբիբին» ես դառնում. հաճոյախոսություն է, որ շռայլում են:

Ի դեպ, հայ «տան աղջիկները» արաբների սրտով են. նախ ավանդապաշտ են, գեղեցկությունը հիջաբի տակ չեն թաքցնում, հետո էլ օտարազգի կնոջ հետ ամուսնանալիս նրան, ըստ օրենքի, տուն-տեղով ապահովելը պարտադիր չէ: Թե սեր ծնվեց, մերոնք 50/50-ին էլ են համաձայն:  

«Դարձի՛ր կինս». խանութում, փողոցում կամ այլ վայրում կայծկլտացող աչքերով արաբից նման առաջարկ հաճախ կարող ես ստանալ: Կարևոր մի կետ. նրանք նախ քեզ ուղեկցող տղամարդուն հարցնում են՝ հո կանանցի՞ցդ չէ, եթե՝ ո՛չ, անցնում են գործարքին. «200 ուղտ տամ, կնության տուր, 300, 320…» (ի գիտություն՝ 1 ուղտը 350-500 դոլար արժի):

Պատահում է, որ հյուրանոցների սպասարկող անձնակազմն է անցնում գործի: Ամեն ինչ՝ գրեթե նույն սցենարով. ամուսնացա՞ծ ես, չէ՞ (զարմանում են), հետո՝ հաճոյախոսություն, ասենք՝ «դու ավելի քաղցր ես, քան գոավան», հետո՝ ստվարաթղթից սրտիկ, հաջորդ օրը՝ ածուխով դիմանկարդ, մեկ այլ օր՝ մատանի՝ 2 երկրների դրոշներով, իսկ վերջին օրը՝ տա-դամ, Վայբերի, Վոթսափի, Ֆեյսբուքի տվյալներ ու երկտող. «Եթե գրես, ինձ աշխարհի ամենաերջանիկ տղամարդը կզգամ»:

Ու եթե չիմանաս, որ այս ամենը նրանց տուրիզմի մի մասն է (սիրտդ տաքացնում են, որ էլի գաս), կշոյվես, կգրես ու գուցեև հայ-արաբական ընտանիք ստեղծվի:

Ես զգուշացված էի:

 

նկար
-Ինչպե՞ս զվարճանալ Հուրգադայում 

Սաֆարիում՝ բեդվինի բաժին, Կարմիր ծովում՝ շնաձկան

Հուրգադայում, ինչպես Եգիպտոսում առհասարակ, անապատն ու բնակավայրերը կողքի կողքի են, հաճախ միայն ճանապարհ է բաժանում: Սաֆարի տուրը՝ կվադրոցիկլով մի քանի տասնյակ կիլոմետրանոց երթը դեպի բեդվինների բնակավայր, հեշտ հասանելի զվարճանք է. դիմում ես ուղեկցողիդ կամ հյուրանոցին, կազմակերպում են: Միայն հաշվի՛ առ, եթե կվադրոցիկլդ փչացավ, բեդվինի բաժին կդառնաս… Իսկ եթե լուրջ՝ կմնաս անապատում «փարավոնի որդու» հետ (այդպես էին Եգիպտոսի արաբներն իրենք իրենց անվանում), մինչև օգնության գան: Խուճապի չմատնվես, խոսի՛ր թեկուզ ԼՂ հարցից, նրանք կրոնական բախումների մասին պատմությունների սիրահար են: Ասել է, թե՝ տառապանքս փորձ ունի:

Հուրգադայում լողափերը փակվում են ժամը 17:00-ին, պետք չէ դժգոհել. դա քո ապահովության համար է: Ասում են՝ շնաձկները մթով են հարձակվում: Կա լողափի այլընտրանք. բոլոր հյուրանոցներն ունեն բացօթյա տաքացվող լողավազաններ:

Շնաձկներից պետք է վախենալ նաև Կարմիր ծովով նավարկելիս: Միայն թե կորալների ջրային քաղաքում նրանք քիչ են ոտք դնում. սնորքլինգ անելն անվտանգ է:

Բայց թե պատահեց, նրան՝ բարի՛ ախորժակ…

 

նկար
-Ո՞ր լեզվով են խոսում արաբները

Մայրենին՝ սիրո լեզու, հայրենին՝ անգլերեն ու ռուսերեն

Սիրո լեզուն, երևի կռահեցիր, մրցակիցը չունի: Բայց այդ լեզվին զուգահեռ զբոսաշրջային վայրերում շրջանառվում են նաև անգլերենն ու ռուսերենը: Իսկ եթե հանկարծ ոչ ուսյալ արաբի հանդիպես, ժեստերի լեզուն էլ էշը կամ, ավելի ճիշտ, ուղտը ցեխից կհանի:

Այլ կերպ ասած՝ մենք՝ հայերս, Եգիպտոսում հաղորդակցվելու խնդիր չունենք: Միայն թե երբ հարցնեն՝ where are you from?, հստակ պատասխանի՛ր, որպեսզի չճշտեն՝ Romania? Albania?:

Հայերին նրանք ավելի են սիրում:

 

նկար
-Ինչպե՞ս առևտուր անել Հուրգադայում

One dollar կամ ok, say yoսr price

*Կարևոր խուրհուրդ

Արաբ վաճառականը սիրում է «побазарить»: Երբեք մի՛ գնիր ապրանքն այն արժեքով, ինչ վաճառողն ասում է առաջին անգամ: Նրանք նախ թիվ են կրակում, հետո երբ no, no-ով մերժում ես, սկսվում է աննախադեպ գնիջեցում, երբ ավելի կտրուկ ես ասում՝ no, no, no, կոտրվում են. «Լա՛վ, գինդ ասա՛» (say yoսr price): Ահա այստեղ է, որ նշում ես քո պատկերացրածից ցածր մի գին և շտապում դուրս գալ: Փորձված է. պարտադիր հետ են կանչում, և իրը քոնն է:

**Կարևոր նախազգուշացում

Երբ անցնում ես խանութների մոտով, «էստի՛ համեցեք» են անում, եթե չես գայթակղվում, թանկարժեք մի իր են ցույց տալիս ու ասում՝ one dollar: Մտածում ես՝ «ինչ կպնել-կպավ», մտնում, հավաքում ես one dollar-ով առաջարկված բոլոր թանկարժեք իրերն ու միայն վճարելիս հասկանում՝ one dollar-ը խայծ էր, ու դու՝ միամիտդ, այն կուլ ես տվել:

 

նկար
-Ի՞նչ բերել Հուրգադայից

Եթե մեկի մահն ես ուզում, գնի՛ր գայլի գլխով տղամարդու սև արձանիկ

Սառնարանի մագնիսներ, պապիրուս, փարավոնների արձանիկներ, խորհրդանշական հիերոգլիֆներ, մրգերից՝ գոավա, տեղական թեյ, սուրճ, խուրմա, քաղցրավենիք, եգիպտական զարդանախշերով հագուստ, մազերի ու մարմնի յուղեր. ցանկը, թե ինչ արժի բերել Հուրգադայից, հարուստ է, ու եթե զգոն լինես, թանկ չեն վաճառի, մանավանդ եթե վստահելի մեկից արդեն ճշտել ես՝ որտեղից ինչ գնել:

Միայն հիշի՛ր. փողոցային շրջիկ առևտրով զբաղվող բեդվինները շատ հաճախ գայլի գլխով տղամարդու սև արձանիկ են առաջարկում ջրի գնով: Մի՛ շտապիր գնել. ըստ տեղացիների՝ արձանիկը մահ է բերում: 

Մեզ ուղեկցողը կեսկատակ խորհուրդ տվեց գնել ու նվիրել նրան, ում մահ ենք ցանկանում:

Հ. Գ. Անհո՛գ մնա, գայլի գլխով տղամարդու սև արձանիկ Հայաստան մուտք չի գործել:

 

նկար
-Ի՞նչ հյուրանոցներ են առաջարկվում և ինչպե՞ս են դիմավորում

Wellcome home կամ բարո՛վ էկար, հաբիբի՛ ջան

Բոլոր հյուրանոցներում` Sunrise Crystal Bay 5*, Sunrise Mamlouk Palace Resort 5*, Sunrise Garden Beach 5*, Sunrise Holidays 5*(18+ hotel), Sunrise Aqua Joy 4*, Meraki 4* (18+ hotel), MS Semiramis II Nile Cruise (Նեղոսի երկայնքով նավարկող նավ-հյուրանոց), ռեստորաններում, խանութներում սպասարկող անձնակազմը դիմավորում է ականջին խորթ մի արտահայտությամբ՝ Բարի’ գալուստ տուն (Wellcome home): Հետո, երբ 2-րդ, 3-րդ, 7-րդ, 9-րդ անգամ ես լսում նույնը և օրը՝ մի քանի անգամ, արդեն 10-րդ անգամ ժպիտով սպասում ես, որ քեզ ողջունողը չմոռանա նույնը կրկնել: Արաբ տղամարդկանց՝ լայն ժպիտով հյուրընկալության ձևը տան կոմֆորտի զգացողություն է ստեղծում:

Իսկ ինչո՞ւ արաբ տղամարդկանց. կանայք սպասարկման ոլորտում չեն աշխատում, արաբ տղամարդկանց համար դա հարգի չէ: Դրսից եկած տղամարդու հետ նրանք շփում չպետք է ունենան ու ՎԵՐՋ («Կլոն» սերիալը՝ ցցուն օրինակ):

նկար

Հետևաբար, արաբ կին ունենալու համար Եգիպտոս այցելողը թող գրանցի «1-ին մինուսը»՝ մատների վրա հաշված կին կտեսնես: Իսկ եթե փարավոնյան բախտը ժպտա, ու տեսնես լողափին, ապա՝ ոտքից ցգլուխ փակ, սև լողազգեստով:

Ի դեպ, արաբ տղամարդիկ հարգի չեն համարում ժամանակակից պորտապարը. ասում են՝ զբոսաշրջիկ բերելու համար են թույլ տալիս:

«Պորտապարուհու հետ կամուսնանա՞ս» հարցին մեզ ուղեկցող «փարավոնի որդին» վիրավորված պատասխանեց՝ ո՛չ, հարամ է:  

Փոխարենն այստեղ տղամարդկանց համար հարգի է ֆոլկլորային Yasser Darwish պարը.  արաբ տղամարդիկ այն սիրով կպարեն քեզ համար:

 

նկար
-Ո՞ւր գնալ Հուրգադայից դուրս

Կահիրե՞, թե՞ Լուքսոր

Հուրգադայից մայրաքաղաք Կահիրե 463 կմ է, Հուրգադայից Լուքսոր՝ 335 կմ, Լուքսորից Կահիրե՝ 730 կմ: Կահիրե այցելողները, որպես կանոն, Լուքսոր չեն գալիս հեռավարության պատճառով: Մինչդեռ տեղացիներն ասում են՝ Լուքսորն է Եգիպտոսի սիրտը: Այստեղ ամեն քայլափոխի կարող ես եգիպտական հին մշակույթի հաղորդակիցը դառնալ:

Այսպես, Նեղոս գետով բաժանվող Կենդանիների ու Մեռյալների քաղաքում կարող ես այցելել Կառնակի տաճար, 18 մետրանոց արձաններով Թագավորների հովիտ, համաշխարահային հռչակ ունեցող կին փարավոնի՝ Խաչեփսուտի դամբարան (մ․ թ․ ա․ 1400 թթ․) ու ոչ միայն:

 

Եվ վերջում՝ խոստովանություն. ես սիրեցի Եգիպտոսն ու փարավոնի որդիներին։

Լուսինե Մուրադյան

--00—ԼՄ