Հանդուրժողականության միջազգային խորհրդարանն աջակցություն է հայտնել Եգիպտոսի նախաձեռնոթյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

․

Հանդուրժողականության և խաղաղության միջազգային խորհրդարանի բյուրոն (IPTP) հրատապ նիստ է անցկացրել, որի հիմնական նպատակը Լիբիայի վերաբերյալ Եգիպտոսի խաղաղության նախաձեռնությանն աջակցելու համար համատեղ հայտարարություն ընդունելն էր: 

Հանդուրժողականության և խաղաղության միջազգային խորհրդարանի հաղորդագրության համաձայն` նիստին մասնակցել են Հանդուրժողականության և խաղաղության գլոբալ խորհրդի նախագահը, միջազգային խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև խորհրդարանի հանձնաժողովների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով խորհրդարանի միջազգային խաղաղության և անվտանգության վրա մեծ ազդեցություն ունեցող խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությունը` խորհրդարանը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին, ազգային խորհրդարաններին և միջազգային հանրությանն աջակցել Լիբիայի վերաբերյալ Եգիպտոսի խաղաղության նախաձեռնությանը, համաձայն որի` նախատեսվում է.

  1. Անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանել Լիբիայում:
  2. Հարգել Լիբիայի ամբողջականությունն ու անկախությունը և դուրս բերել բոլոր արտաքին ուժերը:
  3. Վերադառնալ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղ բանակցություններին, որը, Բեռլինի խորհրդաժողովի արդյունքներին համընթաց, կեզրափակվի լիբիական ճգնաժամը վերջ տալու համապարփակ քաղաքական լուծմամբ:
  4. Միավորված ազգերի կազմակերպության հսկողության ներքո անցկացնել նախագահական խորհրդի ընտրություններ և սահմանել սահմանադրական դրույթներ ընտրությունները հետագա փուլում կազմակերպելու համար:
  5. Աջակցել Լիբիայի ազգային երկխոսության համապատասխան մեխանիզմին:

Այս նախաձեռնությունը, որն արդեն իսկ ստացել է աշխարհի առանցքային միջազգային կազմակերպությունների և պետությունների աջակցությունը, նպատակ ունի հասնելու լիբիական ժողովրդի ընդհանուր ազգային շահին` դադարեցնելով արյունահեղությունը, որպեսզի ճանապարհ հարթվի Լիբիայի բոլոր քաղաքացիների անկախության և բարգավաճման համար:

--0--ԱՀ