Հավանական չէ, որ կողմերը որևէ լուրջ փաստաթուղթ ստորագրեն՝ շրջանցելով ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

«Կարծում եմ՝ պարզ է, թե Բրյուսելում ընդհանուր առմամբ ինչ թեմայի մասին է խոսվելու, չեմ կարծում, որ այնտեղ եռակողմ ֆորմատից դուրս փաստաթուղթ կստորագրվի: Եվրամիության Արևելյան գործընկերության ֆորմատի շրջանակում հանդիպում կլինի, որի ժամանակ որոշակի տեխնիկական դետալներ կվերահաստատվեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Բրյուսելում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:

«Հունվարից հետո դեմառդեմ հանդիպում չի եղել։ Ես չեմ կարծում, որ նման հանդիպում կլիներ, եթե որևէ կողմը ՌԴ-ի հետ չհամաձայնեցներ: Պարզ է, որ նախապատրաստվում է եռակողմ նոր հանդիպում, որտեղ ստորագրվելու է շրջանակային մի համաձայնագիր, որում արձանագրվելու է դելիմիտացիայի, դեմարկացիայի և կոմունիկացաների բացման խնդիրը: Եթե անգամ Հայաստանի կամ Ադրբեջանի ղեկավարությունն ուզենան այլ ֆորմատով  քննարկումներ անել, հավանական չեմ համարում, քանի որ կողմերը բավականին լուրջ ճանապարհ են անցել: Ելնելով պրակտիկայից, ռեալ պոլիտիկից՝ քիչ հավանական եմ համարում, որ կողմերը, որոնք եռակողմ ֆորմատում համաձայնություններ ունեն, կարող են  որևէ լուրջ փաստաթղթի կամ  լուրջ որոշման մասին խոսել՝ շրջանցելով այն ճանապարհը, և այն երկրին, որը մեկ տարի շարունակ բոլոր գործընթացներում եղել է միակ առանցքային մասնակից կողմը»,- ընդգծեց Հակոբյանը:

Քաղաքագետի խոսքով` Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարության նիստում նշել է, որ ՌԴ-ն առաջարկել է երեք տարբերակ, որը ՀՀ-ի համար ընդունելի է: Քաղաքագետի կարծիքով, խնդիր է նաև այն, որ առանց վերահսկողության նման ճակատագրական քաղաքական որոշումներ են ընդունվում:

«Կարծել, թե Մոսկվայում չեն հանդիպում, այլ Բրյուսելում կամ մեկ այլ մայրաքաղաքում, ուրեմն կարող են մեկ այլ բան քննարկել,  իրականությունից հեռու ենթադրություն է»,- ավելացրեց նա:

--0--ԿԿ