Երկրում ցայտնոտային իրավիճակ է, բնական է՝ ընդդիմությունը պետք է ակտիվանա. Վիգեն Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

քաղաքագետ

«Վերջին շրջանում իշխող վարչախումբը բավական նյարդային վիճակում է, նրանց արձագանքն իրավիճակներին, իրադարձություններին բավական ջղային է, հաճախ նաև՝ ոչ ադեկվատ», - 24News-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ՝ մայիսի 8-ին, խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին` ասաց քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը:

Նա նշեց, որ իշխանությունները խնդիրներին երբեմն շատ թեթև են փորձում մոտենալ, բայց նրանց վարքագծից հասկանում ենք, որ չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը: Որոշում ընդունելը, հիշեցրեց Հակոբյանը, բավական լուրջ շղթա է, որ բավական լուրջ փորձ, գիտելիքներ, երբեմն նաև կրեատիվություն է պահանջում:

«Երկրում իրավիճակը բավական ծանր է, դա ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառները կապված են համաշխարհային պանդեմիայի հետ, ինչից էլ բխում է սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամը: Իշխանությունը վերջին երկու ամսվա ընթացքում հսկայական պրեսի տակ է գտնվում: Պետությունն անսպասելիորեն ծանր ճգնաժամի մեջ հայտնվեց, որին իշխանությունն ակնհայտորեն պատրաստ չէր: Կառավարությունն իբր թե գնաց պանդեմիայի սանձահարման ճանպարհով, ինչի ընթացքում պետք է կարողանային ուժեղացնել առողջապահական վերահսկողությունը: Բայց ադեկվատ գնահատական չտրվեց իրավիճակին, առողջապահական իրավիճակն այդպես էլ չկայունացավ, դրական դինամիկայի մասին խոսք անգամ չկա, իսկ առողջապահության նախարարը դարձավ վատ լուրի վիճակագրագետ: Նա սկզբից այնպես արեց, որ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունը լուրջ չվերաբերվեն վիրուսին, հիմա էլ ճիշտ հակառակն է փորձում ապացուցել: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այստեղ նույնպես «պռավալ» է գնացել, այն ծրագրերը, որոնք կառավարությունն իրականացնում է տնտեսությունը ճգնաժամից հանելու համար, մեղմ ասած, այնքան խճճված են ու չիրականանալի հասցեկանությամբ, որ դրանց անարդյունավետությունից խոսելն անիմաստ է: Այսինքն՝ կարանտինի հաշվին չկարողացանք փրկել կա՛մ առողջապահությունը, կա՛մ տնտեսությունը»,- հանգամանալից բացատրեց քաղաքագետը:

Մյուս կողմից, հավելեց մեր զրուցակիցը, ակնհայտ է, որ բավական ծանր հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ պատահական չէ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանկարծ հայտարարեց, որ գազի հարցում Հայաստանը դաշնակցային հարաբերությունները չի պահպանում՝ մեղադրանքը փաստացիորեն հայկական կողմին փոխանցելով: «Լավրովը նաև զգայուն թեմաներ շոշափեց՝ կապված Արցախի հարցի հետ: Բացահայտեց երեք բան, որ մինչև այս պահը հերքում էր հայկական կողմը, այն է՝ Արցախի բանակցային գործընթացի սեղանին կա փաստաթուղթ, կա բանակցային գործընթաց, քննարկվում է փուլային տարբերակը: Ակնհայտ է, որ Լավրովը շատ լավ հասկանում է, թե դրանք ինչ զգայուն թեմաներ են ու ինչ ազդեցություն կարող են ունենալ հայաստանյան ներքաղաքական տրամադրությունների վրա,- նշեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետն՝ ավելացնելով,- Սրան էլ գումարվեց հանգամանքը, որ Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով հանդիպել է իր հետ ու գործարք առաջարկել: Իշխանության համար դա բավական ցավոտ հարված էր, ինչի պատասխանը մինչև այս պահն այդպես էլ չկա: Վանեցյանը հաստատել է, Մինասյանը հաստատել է, որ նման հանդիպում եղել է, բայց Փաշինյանը լռում է այդ մասին:  Արժեքավոր ու անարժեք թեմաների մասին նա օրական մի քանի անգամ «լայվ» է մտնում, բայց այս թեմայով չի խոսում: Նշանակում է՝ բան չունի ասելու, կամ ենթադրում է, որ եթե հանկարծ հերքի, ապա իր հերքումը հերքող ապացույցներ հրապարակ կբերվեն»:

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև՝ քանի որ բավական ցայտնոտային իրավիճակ է ստեղծվել, ապա բնական է՝  նման իրավիճակներում ընդդիմությունը սկսում է ակտիվանալ: Բացատրեց՝ ընդդիմությունը զգում է, որ լեգիտիմության որոշակի անկում կամ դիֆիցիտ կա, հասարակական ընկալումն իշխանության նկատմամբ այնպիսին չէ, ինչպիսին մեկ-երկու տարի առաջ էր, ու արդեն առաջին դեմքերի մակարդակով կոմպրոմատային պայքար է սկսվում: Քաղաքագետն այն տեսակետին չէ, թե ծեծկռտուքի նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Մարուքյան հանդիպման ժամանակ կողմերը կարող էին համաձայնեցնել ծեծկռտուքի «սցենարը»: «Եթե նման սցենար ես մտածում, ապա դա խորհրդարանը ցրելու ամենակարճ ճանապարհն է: Չեմ կարծում, որ սրանով կարելի է ցրել այն թեմաները, որոնց մասին ասացի: Անգամ Քոչարյանի դատավարությունից հնարավոր չէր այս կերպով ուշադրություն շեղել: Թեմաներ կան, որ ինֆորմացիոն մեծ ազդեցություն ունեն, ու ինչ էլ անես, չես կարող ուշադրություն շեղել, օրինակ՝ Լավրովի հայտարարությունից որևէ կերպ հնարավոր չէ  ուշադրություն շեղել, որովհետև դա բոլորիս հուզող հարց է: Հատկանշական է նաև Մարուքյանի երեկվա «լայվը», որտեղ ասում է, թե Արարատ Միրզոյանի աշխատասենյակում Փաշինյանի հետ բոլորովին այլ բան է խոսել, իսկ վարչապետը ամբիոնից բոլորովին այլ բան է հայտարարել: Մարուքյանի ասածն այն էր, որ Փաշինյանի հետ որևէ լուրջ բան պայմանավորվել հնարավոր չէ, որովհետև մի բան պայմանավորվում ես, հետո դուրս է գալիս ու ուրիշ բան ասում»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Ամփոփելով՝ նա պատահական չհամարեց նաև Հռոմի Պապի հեռախոսազանգը Նիկոլ Փաշինյանին: Բացատրեց՝ Պապի նման գերզբաղված մարդը դժվար թե միայն շնորհավորելու համար զանգահարեր Փաշինյանին:

 

Վրույր Սևակ