ՌԴ-ն ԵՄ նախագիծը համարում է իր շահերին դեմ․ քաղաքագետը՝ Բրյուսելում սպասվող հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

Արտաքին գործերի նախարարությունն այսօր տեղեկացրեց, որ Հայաստանը համաձայն է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք՝ Փաշինյան-Ալիև  հանդիպմանը:

24News-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը, անդրադառնալով Բրյուսելում սպասվող հանդիպմանը, ասաց, որ հայ ազգի շահերից են բխում Սյունիքի անվտանգության խնդիրները, և նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքները դադարեցվեցին միայն ռուսական կողմի միջնորդությամբ։  Այս պարագայում Եվրամիության հետ հանդիպման գնալով՝ արդյո՞ք իշխանությունները կարողանալու են ճիշտ կառավարել դրա քաղաքական իմաստը:

«Այսօր արդեն ադրբեջանական կողմն իր լրատվական զորքերը զինել է՝հարվածելու Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները: Ես չեմ տեսնում, որ հայկական կողմը փորձում է բացատրություն ներկայացնել: Հայտնի է՝ Ռուսաստանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի, Ռուսաստանն այդ նախագիծը համարում է իր շահերին դեմ»,- նշեց Պողոսյանը: 

Քաղաքագետի խոսքով, հայկական կողմը պետք է բարձրաձայնի, թե հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու, օրինակ՝ գերիների, Արցախի Հանրապետության կարգավիճակի, որ այն երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի սահմանային խնդիրներին վերաբերող հարցերը,ինչպես նաև պետք է նշի՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու մինչև խնդիրները չլուծվեն: 

«Հայաստանի այսօրվա բանակցողներն՝ ինչ տեսլական ունեն, չգիտեմ, իրենք ասում են՝ ալեկոծվող ծովում մեր նավը հասցնելու ենք մեր երազած նավահանգիստը, բայց նավահանգստի նկարագիրը չեն ներկայացնում, չգիտեմ՝ դա ուր է գնում՝ Ստամբուլը, Բաքուն էլ են նավահանգիստ, չգիտեմ՝ այդտե՞ղ են տանում, թե՞ Ֆլորիդա, Մելբուռն են տանելու, չեն նկարագրում: Բայց նաև տեսնում եմ, որ մեր թշնամիները կարողանում են հզոր ձևով ներազդել մեր ռազմավարական դաշնակցի տեղեկատվական  դաշտի վրա, և այնտեղից ևս մեղադրանքներ են հնչում մեր հասցեին:

Պողոսյանը նշեց, որ Եվրամիությունն Արևելյան գործընկերության շրջանակներում Բելառուսի նկատմամբ սանկցիաներ է կիրառվում, բայց արդյո՞ք բելառուսական զինված ուժերը ներխուժել են իրենց երկրի տարածք, օգտագործել են ֆոսֆորային զենքեր, ոչնչացրել և գերի են պահում, իսկ այն երկիրը, որը այդ գործողություններն արել է, որևէ սանկցիայի չի ենթարկվում։ Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք վստահություն ունենալ:

«Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը դժվար է հասկանալ, ասում են՝ սահմանագծումը զրոյական կետից են սկսելու, այդ զրոյական կետ ձևակերպումով բանակցություններ սկսվեցին, հետո տեսանք՝ ինչ վախճան ունեցան»,- ավելացրեց նա:

--0--ԿԿ