ԵՄ-ի աջակցությունը Երևանին և Բաքվին հնարավոր կլինի միայն ՌԴ-ի հետ համաձայնության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Քաղաքական

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը պետք է դիտարկել որպես Սոչիում տեղի ունեցած հանդիպման շարունակություն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ 
ԵԽ նախագահը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ հանդիպումը կազմակերպել էր ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ։

Մելիքյանի խոսքերով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կարևորագույն դերակատարություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ վերջինս տեղում խաղաղապահներով, փոխվարչապետների եռակողմ հանդիպումների մակարդակով է ներկայացված։

«Եվ նույնիսկ դեմարկացիայի, դելիմիտացիայի հետ կապված ևս եղել է ՌԴ-ի կողմից աջակցության հայտարարություն։ Եթե Եվրամիությունը ևս փորձագիտական աջակցություն է պատրաստ տրամադրել, դա հնարավոր կլինի, եթե այն Բրյուսել-Մոսկվա համաձայնեցված շրջանակներում լինի։ Եթե Մոսկվան տեղեկացված է, ապա Բրյուսելի միանալն այս գործընթացին կարող է դիտարկվել դրական կամ ավելի ռեալ։ Իսկ եթե Բրյուսելի նախաձեռնությունն է, ապա շատ դժվար եմ պատկերացնում մի կողմից՝ ռուսական մասնագիտական, գլխավոր շտաբի քարտեզների, և մյուս կողմից՝ եվրոպական մասնագիտական աջակցության տրամադրումը։ Կարծում եմ՝ որոշակի կոնսենսուս կա, և այս կոնտեքստում հետաքրքիր է, որ վերջերս Պուտինի և Միշելի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Միգուցե այս հարցը ևս եղել է քննարկման օրակարգում։ Տեսնում ենք, որ այսօր դրսի երկրների մոտ կոնսենսուս է, որ տարածաշրջանը պետք է կայունացվի, խաղաղ լինի, պետությունները, միջազգային կառույցները փորձում են իրենց լուման ներդնել այդ գործընթացի մեջ», - նշեց նա։

Մելիքյանի խոսքերով՝ հասկանալի է, որ հունվարի 11-ի եռակողմ (տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ) հայտարարությունից հետո սկսված գործընթացների շրջանակներում որոշ պայմանավորվածություններ կան․ «Երկրորդը, ամեն ինչ կախված է Ադրբեջանի կոնստրուկտիվ լինելուց։ Մենք արդեն որերորդ անգամ տեսնում ենք, որ իրենք փորձում են անընդհատ մաքսիմալը ստանալ, դրա համար փորձում են խաղի կանոնները փոխել, լարել իրավիճակը, Գորիս-Կապան ճանապարհի վրա արդյունքի չհասան, և ի վերջո ստիպված եղան այնտեղ անցակետ դնել, այսօր արդեն շանտաժը շարունակվում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքի դիմաց։ Եթե իրենց ոչ կառուցողական մոտեցումը շարունակվի, ապա մոտ ժամանակներս գուցե պրոգրես չտեսնենք»։ 

«Եթե հիշենք ԵՄ-ի կողմից տրամադրվող գրանտային և վարկային գումարը, որի մի մասը գնալու է Սյունիքի ենթակառուցվածքների վրա, ապա մենք տեսնում ենք, որ դրսի երկրները կամ կառույցները շահագրգռված են։ Կա մի տանդեմ՝ Թուրքիա և Ադրբեջան, որ միգուցե փորձում է իր խաղն առաջ քաշել, և շատ դեպքերում ապագա գործընթացները և դրանց դրական ավարտը կապված են իրենց կոնստրուկտիվ, կառուցողական լինելուց», - հավելեց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարբերությունների կարգավորմանը, ապա քաղաքագետի կարծիքով՝ սա նույնպես կախված է Թուրքիայի՝ կառուցողական լինելուց։ «Եվ այս պարագայում ինչն է հետաքրքիր, Թուրքիայից հայտարարեցին, Հայաստանից արձագանք եղավ հայ-թուրքական հարաբերությունների մասով, միգուցե թուրքական խաղն է, միգուցե իրոք իրենք որոշել են որոշ պրոցես սկսել, ապագան ցույց կտա։ Այստեղ շատ կարևոր էր, որ Երևանը 3+3 ձևաչափի նկատմամբ բավականին բացասական կամ զգուշավոր մտեցում ուներ։ Ընդգծելով իր կարմիր գծերը՝ մասնակցեց փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպմանը, ինչին Վրաստանը չմասնակցեց։ Թուրքիայի պատրաստակամությունը կարելի է կապել նրա հետ, որ Հայաստանը ունենալով մտահոգություն՝ ի վերջո որոշեց այս ֆորմատից դուրս չմնալ։ Եթե հատուկ ներկայացուցիչներ լինեն, որոնք սկսեն որոշ պրոցես, պարզ չէ՝ ավարտին կհասցնե՞ն այն, թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ Երևանը մնա այն դիրքերին, որոնք տասնյակ տարիներ կային՝ առանց որևէ նախապայմանի հարաբերություններ կարգավորել։ Բոլորս հիշում ենք Ֆուտբոլային դիվանագիտությունն ինչպես ավարտվեց, միգուցե նույն ապագան սպասում է այս պրոցեսին», - եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

--00--ԿԿ