Մեզ համար կրթության ոլորտը ռազմավարական է․ Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված՝ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը:

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց կարևորագույն առաքելության ու տարիների վաստակի համար: Իր խոսքում Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.

«Ձեր աշխատանքը շատ հաճախ նկատելի չէ, որովհետև աշխատում եք մարդու հետ, մարդու գիտելիքի ու հոգեբանության հետ, որի պտուղները տարիներ, տասնամյակներ հետո են տեսանելի լինում, և քչերն են նկատում, թե արմատը որտեղից է գալիս: Մենք խնդիր ունենք և՛ մշտապես գնահատելու ուսուցիչների վաստակը, և՛ վերլուծելու ընթացիկ վիճակը, համակարգի ուժեղ ու թույլ կողմերը՝ ձեզ հետ միասին այնպես բարեփոխելու այն, որ երկարաժամկետ ու որակյալ պայքարի արդյունքում կարողանանք մեր համազգային ու համապետական նպատակներին հասնել: Մեզ համար կրթության ոլորտը ռազմավարական է. եթե մենք ցանկանում ենք և՛ անվտանգության, և՛ տնտեսության, և պետական կառավարման, և՛ մնացած բոլոր ոլորտներում ցանկալի արդյունքներ ապահովել, ապա պետք է կրթությունից սկսել հիմնարար բարեփոխումները: Այդ առումով մենք շատ ենք կարևորում ուսուցչի դերը, որովհետև կրթության առանցքը դուք եք, սիրելի՛ ուսուցիչներ»:

--00--ԱՀ