18-ամյա ոսկեհատցու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրին հուլիսի 27-ին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված և օգտագործած կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա էր:

Սրանով, սակայն, ոստիկանները չբավարարվեցին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նրանց հաջողվեց պարզել, թե ով էր երիտասարդին իրացրել թմրանյութը: Ժամեր անց նրանք մեկնեցին Էջմիածնի Զվարթնոց թաղամաս` բերման ենթարկելու իրացնողին: 40-ամյա տղամարդու տան բակում իրավապահները նկատեցին կանեփանման թփեր, նաև հայտնաբերվեց մոտ 100 գրամ կանեփանման չորացված զանգված:

Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկված տղամարդը խոստովանեց, որ 18-ամյա ոսկեհատցուն ինքն էր իրացրել թմրանյութը:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

--00--ԱԹ