Վարդենիսում հայտնաբերվել են 420 կանեփանման ու 5.100 կակաչանման բույսեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

հասարակական

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի Իսակովի փողոցի 44-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում։ Հունիսի 22-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզները և նախաքննական մարմնի ծառայողները, խուզարկություն կատարեցին նշված տանն ու օժանդակ շինություններում։

Առանձնատնից և կից շինություններից հայտնաբերվեցին ներարկիչներ, կանեփանման զանգվածներ, ծխելու համար նախատեսված ապակյա գլանակ, սպիտակ փոշենման զանգված։ Տնից ոչ հեռու իրավապահները հայտնաբերեցին նաև 420 կանեփանման ու 5.100 կակաչանման բույսեր:
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը իրենն է, աճեցրել է իր օգտագործման համար:
Կանեփանման և կակաչանման բույսերն արմատախիլ են արվել և փաթեթավորվել:

Հայտնաբերվածը առգրավվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--0--ԿԿ