Դա դեպքերի զարգացման անցանկալի տարբերակ է. Քոչարյանը՝ հետընտրական բախումների մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Քոչարյան

Հայաստանը ոչ դյուրին ժամանակներ է ապրում: Հնարավո՞ր է խուսափել վատագույնից: Ինչպե՞ս վերականգնել երկիրը և այն վերադարձնել կայուն զարգացման հուն: Այս ամենին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Հնարավո՞ր են արդյոք բախումներ: Այս հարցին Քոչարյանը պատասխանել է.

«Դա իրադարձությունների զարգացման խիստ անցանկալի տարբերակ է, այն ամբողջապես բացառել հնարավոր չէ, բայց ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և նրանից, թե հանրությունը որքանով կվստահի այդ արդյունքներին: Եթե ընտրական հանձնաժողովները տեղերում իրենց աշխատանքն ազնվորեն կատարեն, օրենքի շրջանակներում, ապա չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ հետևանքներ կլինեն: Ես բավական լավատեսորեն եմ սպասում արդյունքներին և այն հանգամանքին, որ մենք կկարողանանք խուսափել նման կանխատեսումներից»,- ասել է նա:

Քոչարյանը կարծում է, որ ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը փոքր է. երկրորդ փուլը ենթադրում է, որ անհնար կլինի կոալիցիա կազմել, եթե կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը բավարար թվով ձայներ չհավաքի՝ ինքնուրույնաբար կառավարություն ձևավորելու համար: Այսօրվա դրությամբ, ըստ քաղաքական գործչի, հավանականությունը, որ երկրորդ փուլ կլինի, փոքր է:

« «Հայաստան» դաշինքը հուսով է, որ կհաղթի և ինքնուրույն կառավարություն կկազմի»,- ասում է Քոչարյանը՝ նշելով, որ դեռ չեն խոսում կոալիցիաների մասին. ներկա դրությունն ու հարցումները ցույց են տալիս մի շարք կուսակցությունների գծով մեծ անորոշություն, և անհասկանալի է, թե խորհրդարանում ինչ դասավորություն կլինի:

Քոչարյանը նշել է՝  անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն ինչ-ինչ կոալիցիոն որոշումների դիմել:

--00--ԱԹ