Իմ իշխանության տարիներին ես չեմ իմացել, որ այստեղ Սորոսի գրասենյակ է եղել. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քոչարյան2

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը» և համեմատականներ տարել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Նա նշել է՝ իրեն ավելի հեշտ է նշել տարբերությունները, քանի որ ընդհանրություններն ավելի շատ են: Տարբերություններին անդրադառնալով՝ Քոչարյանը նկատել է՝ Արևմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսին ամեն դեպքում այլ է, քան Հայաստանի դեպքում էր. ՀՀԿ-ն ու ՀՀ նախագահն ակտիվորեն համագործակցում էին նաև Արևմտյան երկրների հետ, Հայաստանը չուներ քաղբանտարկյալներ, ինչ-որ խորհրդավոր անհետացումներ չէին լինում:

Ինչո՞ւ ղեկավարները չեն սովորում ուրիշների սխալների վրա: Այս հարցին պատասխանելով՝ Քոչարյանը նշել է, թե ամեն մարդ կարծում է՝ դա իրեն կշրջանցի, իր պատմությունն այլ է: Հարցին՝ կարո՞ղ է ՀՀ տնտեսությունը լինել ինքնավար, ինքնաբավ, երկրորդ նախագահը պատասխանել է.

«Չեմ կարծում, թե կարող են լինել երկրներ, որ կարող են գոյություն ունենալ իրենք իրենցով՝ այս գլոբալ աշխարհում»:

Իսկ պատասխանելով ճշտող հարցին՝ Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է գոյություն ունենալ առանց ՌԴ տնտեսության, Քոչարյանը նշել է.

«Անվտանգ զգալ՝ չի կարող, զարգանալը ևս շատ խնդրահարույց կլինի, ուստի պետք է հստակեցնել. գոյություն ունենալը երկու իմաստ ունի: Ընդհանրապես ՌԴ հետ հարաբերությունն առանձին թեմա է, այն կարելի է քննարկել ավելի լայն համատեքստում, այն, ինչ ասում եք՝ ակնհայտ բաներ են: Ընդամենը կարելի է հաշվարկել ՌԴ շուկան և Հայաստանի շուկան, տեսնել՝ կարո՞ղ է այդ շուկան ինքնաբավ լինել: Ոուսական շուկա մուտքը մեր մի շարք ոլորտներ զարգացրել է»:

Նրա խոսքով՝ եթե ցանկանում, ենք զարգանալ, պետք է ամեն ինչ անել՝ նախ ռուսական շուկայում մրցունակ լինելու համար, քանի որ Եվրոպա դուրս գալն ավելի դժվար է, այստեղ ցանկացած դիրքի հասնում են երկար տարիների բանակցության արդյունքում: 

«Մանավանդ որ այնտեղ ձեզ չեն էլ սպասում» դիտարկմանը Քոչարյանն արձագանքել է.

«Ես չեմ կարծում՝ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ինչ-որ տեղ սպասում է ՝ իր ապրանքով հանդերձ, ավելի շուտ բոլորն ուզում են լինել ինչ-որ տեղ՝ իրենց ապրանքներով»:

ՀՀ երկրորդ նախագահը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, նշել՝ այսօր իրեն անհանգստացնողը դրանց ընկալումն է, քանի որ թվում է՝ այդ հարաբերություններն այդպիսին են և միշտ այդպիսին կլինեն: 

«Ցանկացած հարաբերություն ջանքեր է պահանջում, ժամանակ, էներգիա, էմոցիաների ներդրում, այդ հարաբերությունները մաս են դառնում մեր գրականության, արվեստի, դրա համար երկար են ձգվում: Դրանք քաղաքականությունից մուտք են գործում ինչ-որ մշակութային շերտեր, բայց դա չի նշանակում, որ պետք չէ այդ ուղղությամբ աշխատել: ժողովուրդների բարեկամության լոզունգն իրականում դատարկ է: Պետք է էներգիա, ուժեր ներդնել՝ դրանք սնելու համար: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ինձ մտահոգում է, քանի որ հիմա տեղի է ունենում լրիվ հակառակը՝ Հայաստանի սորոսացում: Փաստացի ես տեսնում եմ՝ ինչ է այստեղ կատարվում. դա երիտասարդ սերնդին արժեքների պարտադրումն է, որոնցից դուրս է մնում այն, ինչ մեր ինքնության հիմքն է՝ մեր կրոնը, ընտանիքը և այլն»,- ասել է նա:

Քոչարյանը նշել է՝ այսօր այդ ողջ կազմն իշխանությունում է: Լրագրողի հիշեցմանը, որ այդ կազմակերպությունները գործել են նաև իր իշխանության տարիներին, ինչո՞ւ չեն փակվել, երկրորդ նախագահը պատասխանել է.

«Դրանք մարգինալ են եղել, ես չեմ իմացել, որ այստեղ Սորոսի գրասենյակ է եղել»:

--00--ԱԹ