Հիասթափություն կար, և տեխնոլոգիաներն աշխատեցին. Քոչարյանը՝ «Թավշյա հեղափոխության» մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատճառներին: Հարցին՝ արդյո՞ք հիասթափությունն էր պատճառը, Քոչարյանը պատասխանել է.

«Բնականաբար, կար նաև հիասթափություն, ես չեմ կարծում, որ կառավարման խորհրդարանական ձևը Հայաստանին հարմար է, ու շատերն են այդ կարծիքին»:

Լրագրողը հետաքրքրվել է՝ այդ մասին Ռոբերտ Քոչարյանը հայտնե՞լ է երկրի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, ինչին երկրորդ նախագահն արձագանքել է.

«Մենք այն ժամանակ քիչ էինք շփվում, ես հրապարակայնորեն էի իմ կարծիքը հայտնում, բայց դրա շուրջ անձնական զրույցներ չենք ունեցել»:

Թավշյա հեղափոխության հաջողության համար, ըստ Քոչարյանի, կային էլի պատճառներ. կար հոգնածություն օրվա իշխանության կառավարումից, բայց նաև հերթական պոպուլիստական ալիքն էր, որ այս տարիներին ամբողջ Եվրոպայով անցավ:

«Դա կապված է սոցկայքերի զարգացման, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման հետ, իշխանությունը չէր հասցնի հարմարեցնել իր քաղաքական գործիքակազմը: Դա որոշակի դրայվ էր՝ գնալ, փողոց փակել, «Ուռա» գոռալ, ինչ-որ կարևոր, երկրում բան փոխելու խաղի զգացողություն էր: Այդ ամենը գրագետորեն կիրառված տեխնոլոգիա էր: Իհարկե, եթե չլիներ ինչ-որ հիասթափություն, այն չէր աշխատի, սակայն քանի որ կար այդ հիասթափությունը, տեխնոլոգիաները հրաշալիորեն աշխատեցին»,- նշել է նա:

--00--ԱԹ