ԵԽ-ն կոշտ է արձագանքել Հայաստանը Հադրութին կապող նոր ճանապարհ կառուցելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

եխ

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն ընդունվել է հունիսի 10-ին:

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն՝ մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ:

Բացի դրանից՝ այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին:

Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

--0—LՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս