«Միակողմանի և ակնհայտ ադրբեջանամետ հայտարարություն է». Մարուքյանը դիմել է ԵԽ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

եխ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեցեկացնելով, որ դիմել է ԵԽ նախագահին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման մասին նախօրեին արված հայտարարության մասին:

«Քիչ առաջ դիմել եմ Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին և Ժելյանա Զովկոյին, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին հետևյալ հաղորդագրությամբ.

 

Նախօրեին ափսոսանքով տեղեկացանք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման որոշումը «խախտում է միջազգային իրավունքը», իսկ դրա նախագիծը «չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։

ԵՄ-ն բազմիցս հաստատել է իր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պահպանի առաջատարի իր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում և միշտ վերահաստատում է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերին, որոնք մերժում են բռնությունը։ ԵՄ-ն մի քանի անգամ կոչ է արել շահագրգիռ կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի և խաթարել միջնորդության շարունակական ջանքերը: Բոլորովին վերջերս արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ պարոն Բորելը վերահաստատեց ԵՄ աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ակնհայտ է, որ պատգամավորների հայտարարությունը ամենևին էլ չի համապատասխանում ԵՄ պաշտոնական քաղաքականությանը:

Կրկին ափսոսանքով պետք է հայտնենք, որ հայտարարությունում արտահայտված դիրքորոշումները և օգտագործված արտահայտությունները ոչ միայն չեն համապատասխանում ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի մանդատի ուժով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունների տրամաբանությանը և ոգուն, այլ նաև ուղղակիորեն հակասում են դրանց ու ներկայացնում են խնդիրը խեղաթյուրված ու միակողմանի համատեքստում՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով ադրբեջանական կողմի համար՝ նորից դիմելու ուժի կիրառման սպառնալիքին, իսկ հարմար պահին՝ նաև ուժի կիրառմանը։ Նման դեպքի մենք բոլորս, ականատես եղանք 2016 թ.֊ի ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգևորված մի քանի միակողմանի հայտարարություններից, խախտեց ուժի կիրառման արգելքի՝ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքը (ՄԱԿ, Կանոնադրություն, հոդված 2) և սկսեց ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ թիրախ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և կատարելով մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց հետ կապված արդեն իսկ դատական գործընթացներ կան Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում։

Միակողմանի և ակնհայտ ադրբեջանամետ հայտարարությունը, որը հիմնված չէ ո՛չ հակամարտության փաստական տվյալների, ո՛չ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անհրաժեշտ կենսապայմանների և Մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հրամայականի և ո՛չ էլ համակարտության կողմերի վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծման պահանջի վրա, ակնհայտորեն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչպես նաև ակնհայտորեն կասկածի տակ է դնում հայտարարության հեղինակների օբյեկտիվությունը և անաչառությունը։

Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում ենք ներդնել Ձեր քաղաքական ուժի ջանքերը և ազդեցությունը նման միակողմանի հայտարարությունների բացառման, դրանց դատապարտման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանն ու ոգուն խոչընդոտող գործողությունների կանխման ուղղությամբ։

Նախապես հայտնում եմ մեր շնորհակալությունը»,-գրել է Մարուքյանը։

Նշենք, որ հունիսի 11-ին Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ էին տարածել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ, և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին կոչ արել բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:

--0—LՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս