Ռուսական եթերով ցուցադրված Արևմտյան Հայաստանի քարտեզը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

հայաստան

Թուրքիայում նոր-նոր էին հանդարտվել բարկության կրքերը՝ կապված Չինաստանի կողմից Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ հիշատակելու փաստի հետ, հիմա էլ դժգոհության նոր ալիք է բռնկվել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Ռուսական «HTB» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրվել է Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմանները, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության կողմից օգտագործվող Արևմտյան Հայաստանի դրոշը։

Թուրքիայից առաջինն արձագանքել է զավեշտալի հայտարարություններով հայտնի, հակահայկական տխրահռչակ «ASİMDER» կազմակերպության («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։ Նա նշել է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի հողերի վրա պետություն հիմնելու երազանք փայփայող հայերին։

«Այսպես կոչված Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնումը թույլ տված Ֆրանսիան հիմա էլ աչք է փակում Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացի վրա»,- բողոքել է Գյուլբեյը, իսկ Ռուսաստանին մեղադրել դարեր շարունակ «թուրքերի արյունը թափելու և հայերի ձեռքով մուսուլմանների կոտորածներ իրականացնելու համար»։