Արևմտյան Հայաստանում ներդրումներ անելու ծրագիրն ի՞նչ նպատակի ունի․ մեկնաբանում է Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

Վարդանյան

Սոցիալական ներդրող և ձեռներեց Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ուժեղանալու համար Հայաստանը պետք է ներգրավվի 15-ից 20 միլիարդ դոլարի նոր ներդրումներ։

Նա շեշտել է, որ ուղղությունները և ծրագրերը, որտեղ պետք է ուղղվեն այդ միջոցները, շաղկապված են և պետք չէ դրանք առանձին վերցված դիտարկել:

«Մասնավորապես, Հայաստանի Զինված ուժերի և անվտանգության համակարգի արդիականացման եւ զարգացման համար պետք է ծախսել մոտ 10 միլիարդ դոլար», - ասել Ռուբեն Վարդանյանը Civilnet-ի հետ հարցազրույցում:

Մեկնաբանելով տարաբնույթ կարծիքները՝ Արևմտյան Հայաստանում իր և գործընկերների կողմից ներդրումներ ներգրավվելու ծրագրերի մասին, նա ասել է.

«Եթե մենք իսկապես ուզում ենք պահպանել Արևմտյան Հայաստանի մեր մշակութային ժառանգությունը, պետք է պատրաստ լինենք ունենալ 1 միլիարդ դոլարանոց հիմնադրամ, որը կֆինանսավորի այդ աշխատանքները», - ասել է Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով, այսօր պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ, այլ ոչ թե նստել ու վախվորած սպասել, թե երբ եւ ինչպես է Թուրքիան տնտեսապես կլանելու Հայաստանը:

«Թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Մենք ուժեղ կլինենք այն ժամանակ, երբ իրենց ցույց կտանք, որ պատրաստ ենք իրենցից լավ հոգ տանել, օրինակ, քանդվող Անիի մասին: Եթե սահմանը մի օր բացվի, մեր միակ տարբերակը պրոակտիվ լինելն է», - ասել է ձեռներեցը:

Ռուբեն Վարդանյանը կարեւորել է նաեւ արեւմտահայերենի պահպանությունը եւ կարծիք է հայտնել, որ Հայաստանում պետք է այդ նպատակով համալսարան հիմնվի:

«Վստահ եմ, որ արեւմտահայերենը պետք է դասավանդվի նաեւ Հայաստանի միջնակարգ դպրոցներում: Բացի դրանից, մոտ 50 միլիոն դոլար է պետք է ներդնել գրաբարի պահպանության հիմնադրամ ստեղծելու համար», - ասել է նա:

--00—ՄՀ