Սա քաղաքական հաշվեհարդար է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին դիտարկումներիս համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

00

«Պետական մասնակցությամբ և ֆինանսավորմամբ հիմնադրամի համար հիմնադրի տարեկան ծրագրային պլանով սահմանվող աշխատանքի ծավալների, հիմնադրամում կառավարման մարմնի հաստատած աշխատանքի կազմակերպման պայմանների, վերոնշյալ փոփոխմամբ պայմանավորված, Ձեր կողմից զբաղեցրած հաստիքը կրճատվել է։ Հաշվի առնելով վերոշարադրյալը և Ձեր մասնագիտական պատրաստվածությունը, որակավորումը, հիմնադրամում աշխատանքի մնալու նախապատվության իրավունք ունեցող անձանց վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր պահանջները, Ձեր զբաղեցրած պաշտոնի նկարագիրը, աշխատանքի նկարագիրը ներառող այլ աշխատատեղերի բացակայությունը գործատուի մոտ, Ձեզ այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը բացակայում է»։ Ահա այս բացատրությունն է տրվել «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման» բաժնի աշխատակիցներին իրենց հաստիքները 2024 թվականի մարտի 27-ին լուծարելու հարցի հետ կապված։

24News-ի հետ զրույցում վերոնշյալ բաժնի ղեկավար Արման Մալոյանը նշեց, որ պատճառը քաղաքական հաշվեհարդարն է․ «Ես դա հաշվեհարդար եմ համարում կապված իմ քաղաքացիական անհնազանդության, մասնագիտական դիրքորոշման վերաբերյալ՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին դիտարկումներ անելու խնդրով։ Սա նաև բաժնի աշխատակիցների նկատմամբ մասնագիտական ջարդ իրականացնելու որոշում է։ Նույն օրը՝ հունվարի 24-ին կայացած նիստից հետո, երեկոյան արդեն իսկ պատրաստ մեզ ներկայացվել են ծանուցումները, այնինչ, մյուս բաժիններին նման ծանուցում չի տրամադրվել։ Այդ նույն օրը մեզ հետ միասին իմացել ենք, որ կրճատվել են նաև տնօրենի խորհրդականի և գրադարանավարի հաստիքները»,- մանրամասնեց Արման Մալոյանը։

Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունում նախարարի գլխավորությամբ հաշտ չեն քննադատական խոսքին կամ դիտարկումներին, որոնք կարող են ներկայացվել իրենց կողմից առաջարկվող նյութի, դասագրքի վերաբերյալ։ Մալոյանի խոսքով, խոսակցությունները կառուցվածքային փոփոխության մասով անցած տարվա վերջից կային արդեն․ «Տնօրենը հիմնավորում է, որ նոր չափորոշիչների փորձարկումը Տավուշի մարզում քանի որ ավարտվել է, ըստ այդմ՝ իբր նոր բովանդակային ուղղությունների փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել և իբր հիմնադրամի ներքին կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում՝ բաժինների վերաձևակերպում և այդ համատեքստում վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի աշխատանքներն այլևս նպատակահարմար չեն գտնում և արդարացված չէ, հետևաբար՝ բաժինը լուծարվում է և բաժնի աշխատակիցներին էլ այլ աշխատանք չի առաջարկվում»։

«Բայց պետք է նշեմ, որ Տավուշում չափորոշիչների փորձարկումների ընթացքում այնպես չէ, որ բաժինն ամբողջ ծավալով ներգրավված է եղել։ Մենք այդ ընթացքում ավելի ուրիշ ուղղվածությամբ սկսեցինք աշխատել՝ ուսուցիչների հերթական ատեստավորում, երաշխավորված կազմակեպությունների մշտադիտարկում, դասընթացների մշտադիտարկում, վերապատրաստված ուսուցիչների մոտ մշտադիտարկումներ ենք իրականացրել դասալսումների միջոցով, վերապատրաստման ծրագրերի փորձաքննություն ենք իրականցրել։ Այսինքն՝ այս ոլորտը շարունակելու է մնալ, նույն աշխատանքներն էլի են իրականացվելու, բայց նպատակահարմար չէ, որ հաստիքային մասնագետներն իրականացնեն այդ աշխատանքները և դրա համար փորձագետներ են վերցնելու և ծառայությունների մատուցման պայմանգրով վճարվելու են, բաժինն այլևս պետք չէ»,- ասաց Մալոյանը։

3 տարի է՝ Մալոյանը զբաղեցնում է բաժնի պետի պաշտոնը և այդ տարիների ընթացքում երբևիցե խոսակցություն չի եղել տվյալ բաժինը լուծարելու մասին․ «Միայն անցած տարվա վերջին իմացանք, որ բաժինը լուծարվելու է, ընդ որում՝ նոր կառուցվածքը հաստատված է եղել դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, իսկ մենք դրա մասին չենք իմացել։ Տնօրինությունը չի տեղեկացրել, որ նոր կառուցվածք կա, պատրաստ է, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նոր կառուցվածքը և մենք Ամանորից վերադառնալուց հետո էլ էլի կոնկրետ ոչինչ չենք իմացել և միայն մեզ ուղարկված ծանուցմամբ՝ 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 1 արձանագրային որոշմամբ հաստատված նոր հաստիքացուցակը՝ 55 հաստիքներով, պարզ դարձավ, որ աշխատանքից ազատվելու ենք»։

Մալոյանը պատմում է, որ Հայոց պատմության վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հենց ելույթի սկզբից ասել է, որ դասագիրքը հետ կանչելու կամ խոտանելու որոշումը պատկանում է լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, և այդ հարցը այստեղ չի քննարկվելու, քննարկվելու է միայն դասագրքի լրամշակմանն ուղղված հարցեր։

«Իրենք որոշել էին, որ դասագիրքը ամփոփաթերթ է ունենալու, հանձնարարական է տվել հեղինակին, թե որ էջում սխալներ կան, որոնք ընդունելի են, կամ որոնք ընդհանրապես ընդունելի չեն, և դրանք պետք է ուղարկվեն դպրոցներ»,- մանրամասնեց բաժնի պետը։

Մալոյանը նշում է նաև, որ չի բացառվում իրավական ճանապարհով լուծել հարցը․ «Մենք սպասում ենք ընթացակարգին, երեկ գրավոր դիմել ենք տնօրենին և պահանջել՝ մեզ տրամադրել հիմնադրամի նոր կառուցվածքը և հաստիքացուցակը ու պաշտոնային պարտականությունների նկարագրությունը, որպեսզի տեսնենք՝ այդ ի՞նչ հաստիքներ են, որ մենք չենք կարող բավարարել։ Այդ 10 մասնագետներին համարել են, որ իրենց պահանջներին չեն բավարարում և աշխատանք չեն առաջարկել, ուզում ենք մենք դա տեսնել ու հետագա քայլերը դրանից են կախված, բացառված չէ, որ դատական կարգով կվիճարկվի նաև մեր անհամապատասխանությունը՝ նոր հաստիքներին»։

Բաժնի ղեկավարի խոսքով, նա դիմել է նաև տնօրենին, որ, եթե այս ամենը պայմանավորված է իր անձով, որ հանդգնել է դիտարկումներ ներկայացնել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ, ապա թող միայն իրեն ազատեն աշխատանքից․ «Ես տնօրենին ասել եմ, եթե իմ անձով են պայմանավորված այս ազատումները, ապա ես պատրաստ եմ հենց հիմա ազատման դիմում գրել, թող բաժնի մյուս աշխատողները շարունակեն աշխատել։ Տնօրենն ասաց, որ բոլորովին էլ իմ կամ Աշոտ Ղուկասյանի գործունեությամբ չէ պայմանվորված այս որոշումը, որովհետև պարոն Ղուկասյանն էլ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մյուս՝ մրցակցային դասագրքի համահեղինակներից է, որը, այսպես ասած, բողոքների, կրկնակի փորձաքննության արդյունքում դուրս բերվեց մրցակցությունից»։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ