Հաջիզադեն քննադատում է Ստանոյի հայտարարությունը Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

հաջ.

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Բրյուսելում «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի խոսնակ Պետեր Ստանոյի արտահայտած տեսակետները ԵՄ ներկայացուցչի կողմնակալ մոտեցման հերթական վկայությունն են»: Այդ մեկնաբանությամբ նոյեմբերի 17-ին հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն, հայտնում է azatutyun.am-ը։

«Ցավալի է, որ Եվրամիության ներկայացուցիչն անտեսում է այն փաստը, որ ագրեսիվ Հայաստանը 30 տարի շարունակ ոտնահարել է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ և ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ», - հայտարարել է Հաջիզադեն:

Նրա փոխանցմամբ, 44-օրյա պատերազմը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումները տեղի են ունեցել Ադրբեջանի ինքնիշխան տարածքոմ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։

Նա պնդում է, որ «Ադրբեջանն օրինական ճանապարհով է վերականգնել իր ինքնիշխանությունը» և անընդունելի է համարում ԵՄ-ի կողմից Ադրբեջանին հասցեագրված միակողմանի ռազմական քայլերի մասին մեղադրանքը:

Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ հայկական զինված ուժերը, որոնք շարունակել են ապօրինի տեղակայվել Ադրբեջանի տարածքում, վտանգի աղբյուր են եղել տարածաշրջանում և բազմիցս կոչ է արել դրանք անհապաղ դուրս հանել:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների՝ իրենց անձնական որոշմամբ Հայաստան տեղափոխվելուն, ապա նրանց իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մենք համարում ենք միջամտություն Ադրբեջանի կողմից նախաձեռնված վերաինտեգրման գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:

Ըստ Հաջիզադեի՝ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք Ադրբեջանի ամուր հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ծրագրին, այդ դիրքորոշումը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ որպես խաղաղության համաձայնագրի նախաձեռնող մեր կատարած հետևողական քայլերով»,- ասվում է հայտարարությունում:

Ստանոն ասել է, որ ԵՄ-ն սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չի անում ՝ թաքնված օրակարգով և Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում, Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։

«Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցչի խոսնակը։

Նա շեշտել է՝ պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ «Եթե այն չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է։ Երկրորդ՝ մեր աջակցությունը Հայաստանին այն է՝ օգնել ներկա իրավիճակում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և դրանց կարողությունները, ճկունությունը, և ոչ թե զինելը», - ասել է Ստանոն՝ շեշտելով ԵՄ-ն այսօր էլ փորձում է անել առավելագույնը՝ կրկին խրախուսելով կողմերին հանդիպումներ ունենալ որքան շուտ, այնքան լավ։

 --00—ԼՀ