«Համաս»-ի մոտ գտնվող գերիների շարքում կարող են լինել Գերմանիայի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

գեր

Գերմանիան «ստիպված է ենթադրել», որ «Համաս» շարժման կողմից գերեվարված մարդկանց շրջանում կան Գերմանիայի քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին CNN-ին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարության աղբյուրը։

Ըստ պաշտոնյայի՝ դրանք մարդիկ են, որոնք ունեն Իսրայելի և Գերմանիայի երկքաղաքացիություն։ Աղբյուրը նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն և Թել Ավիվում Գերմանիայի դեսպանատունը «սերտորեն համագործակցում են» Իսրայելի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ։

«Համաս»-ը հայտնել է, որ ավելի քան 100 գերի է վերցրել։ Reuters-ը հայտնում է, որ ըստ Թաիլանդի իշխանությունների՝ նրանց շարքում կա նաև Թաիլանդի 11 քաղաքացի։

Թաիլանդի իշխանությունները նաև հայտնել են, որ Իսրայելի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 12 թաիլանդցի։ Սպիտակ տունն իր հերթին հաստատել է, որ «Համաս»-ի հարձակման հետևանքով ԱՄՆ մի քանի քաղաքացի է զոհվել Իսրայելում։

Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտնել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 493 զոհի մասին։

--00--ԼՀ