Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Արցախ վերադառնալու իրավունքի երաշխիքը. Human Rights Watch

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

դ

Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ ավելի քան 100,000 էթնիկ հայեր, որոնք կազմում են տարածքի ներկայիս գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին փախել են: Human Rights Watch-ը Հայաստանի սահմանին հարցազրույց է անցկացրել Լեռնային Ղարաբաղից փախած 14 անձանց և 7 ընտանիքի հետ, ինչպես նաև մարդասիրական գործունեություն ծավալած մարդկանց, բժիշկների, հայ պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում նա հարգելու է մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Ադրբեջանը պետք է ողջունի այս պարտավորությունների կայուն միջազգային մոնիթորինգի անկախ առաքելությունը:

«Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն միջազգային դիտորդական առաքելության գործարկում՝ հրապարակայնորեն զեկուցելու Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի առջև ծառացած պայմանների մասին և բացահայտելու մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը: Գործընկեր կառավարությունները պետք է նաև խնդրեն Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել էական քայլեր՝ հեշտացնելու վերադարձի իրավունքը՝ կա՛մ կարճատև, կա՛մ երկարաժամկետ այցերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Ադրբեջանի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ-պռատ քայլերը։ Վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական»,- իր հերթին ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Human Rights Watch-ն արձանագրում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մի շարք բանակցությունների, ու թեև երկու առաջնորդների հերթական հանդիպումը նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որին Միշելը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, այդուհանդերձ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ալիևը վերջին պահին հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարարի Հայաստան կատարած այցի և այլ զարգացումների ֆոնին։

«Հնարավոր ապագա բանակցություններում եվրոպացի առաջնորդները պետք է ընդգծեն իրավունքների միջազգային մոնիթորինգին նվիրվածության անհրաժեշտությունը և տարածաշրջանի համար իրավունքներին համապատասխան համապարփակ տեսլականը, որը կարող է խրախուսել մարդկանց վերադարձը: Հոկտեմբերի 3-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միշելը Ադրբեջանին կոչ է արել բարի կամք դրսևորել, հարգել միջազգային իրավունքը և պաշտպանել Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, ներառյալ հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Human Rights Watch-ը նշում է՝ երբ սեպտեմբերի 24-ին Լաչինի ճանապարհը բացվեց, մարդիկ սկսեցին փախչել։ Հարցվածներն ասել են, որ վախից և խուճապից լքել են իրենց տները: Շատերը նաև ասել են, որ իննամսյա դե ֆակտո շրջափակումը և ադրբեջանական ուժերի կողմից վայրագությունները 2020 թվականի պատերազմի ժամանակ, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները, մեծ վախ և անվստահություն են առաջացրել: Հարցված մարդիկ ենթարկվել են մի փորձության, որը տևել է օրեր շարունակ Լաչինի խցանված ճանապարհի վրա, շատերի մոտ եղել են բավականին քիչ իրեր, որ կարող էին արագ վերցնել:

«Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ասել են, որ բոլորի իրավունքները պաշտպանվելու են Լեռնային Ղարաբաղում, սակայն նման պնդումները դժվար է ընդունվել Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի վատթարացման ֆոնին, ինչպես նաև ամիսներ տևած ծանր դժվարություններից, տասնամյակների հակամարտություններից, հատկապես ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների ժամանակ ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունից հետո»,-ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Կազմակերպության կողմից հարցվածների մեծ մասն ասել է, որ կմտածի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ հավաքելու իրենց ունեցվածքը՝ եթե կարողանան դա անել միջազգային պաշտպանության ներքո: Նրանցից մեկն ասել է, որ կքննարկի իր ընտանիքի հետ ավելի երկարաժամկետ վերադառնալու հարցը, եթե Ադրբեջանը թույլ տա հայերին ապրել այնտեղ որպես համայնք՝ հայկական դպրոցներով, հայկական եկեղեցով և վարչական անձնակազմով։

Գրանադայի բանակցություններից Ալիևի հրաժարվելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջնորդական բանակցություններում ներգրավված մյուս կողմերն, ըստ Human Rights Watch-ի,պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ընդգծելով կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի մարդկանց վերադարձի իրավունքը հեշտացնելու համար՝ լինի դա կարճաժամկետ այցերի դեպքում մնացած իրերը հավաքելու, գերեզմաններ այցելելու, անշարժ գույքով զբաղվելու կամ մշտապես վերադառնալու համար: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են չվերադառնալ, պետք է փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել մնացած իրերը, ինչպես նաև ունենան բանկային հաշիվ՝ նպաստ կամ կենսաթոշակ ստանալու համար: Ադրբեջանը նաև պետք է ապահովի, որ տեղահանվածների ունեցվածքը պաշտպանված լինի թալանից կամ այլ վնասից։

«Վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքներն առանց խտրականության։ Փախած էթնիկ հայերին պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու հստակ ուղեցույցները Լեռնային Ղարաբաղում իրենց բնակությունը վերսկսելու և նրանց իրավունքների, այդ թվում՝ սեփականության և սոցիալական ապահովության իրավունքի ապահովման վերաբերյալ: Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման կառույցներում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարդկանց հետապնդելուց։ Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար։ Ադրբեջանի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որ այդ երկրի իշխանություններն այս ցավն ու կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության»,- ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

-00—ԼՀ