Գորիսում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հոսքը էապես նվազել է. Վարդան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Քաղաքացիների հաշվառումը, գրանցումը և անհրաժեշտ կարիքների գնահատումը կատարվում է նույն՝ 24-ժամյա ռեժիմով, և բոլոր պատկան մարմինները ներգրավված են այս գործընթացում: Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Գորիսում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հոսքն էապես նվազել է, հատկապես նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ կառավարության տրամադրած շուրջ 90 ավտոբուսներով գիշերը Ստեփանակերտից ժամանել է մոտ 3 հազար անձ:

«Բոլոր գերատեսչությունները, որոնք ներգրավված են այս պրոցեսում, շարունակում են իրենց աշխատանքը, շարունակվում է մարդկանց տեղաբաշխումը Գորիսում և Վայքում, կատարվում է բավական մեծ ծավալի աշխատանք՝ հաշվի առնելով այսչափ մեծ ծավալի հոսքը»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով կամավորների կատարած մեծ աշխատանքը:

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից մոտ 82 հազարն է հաշվառվել, իսկ նրանք, որոնք չեն հասցրել հաշվառվել անմիջապես, կարող են դիմել խոշորացված համայնքներում գործող 64 տարածքային հումանիտար կենտրոններ, հաշվառվել և ստանալ համապատասխան աջակցություն:

--ԼՀ--