Տեղահանվածների կարգավիճակը կսահմանվի օրենքով. արցախցի պաշտոնյան որոշ պարզաբանումներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Արցախի կառավարությունը Արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հակադիր տեղահանված անձանց մասին» օրենքի նախագիծ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական նախարարի խորհրդական, օրինագծի աշխատանքները  համակարգող Էլինա Մխիթարյանը մանրամասնեց, որ  դրանով սահմանվում են  հարկադիր տեղահանված անձի իրավական կարգավիճակն ու այն ստանալու հիմքերը, հարկադիր տեղահանված անձի իրավունքներն ու պարտականությունները, պետական երաշխիքները, կարգավիճակ տրամադրելու գործընթացի  հետ կապված հարաբերությունները:

«Նախագծի նպատակը հարկադիր տեղահանված անձի իրավունքների ապահովման, փաստացի բնակության վայրում ինտեգրման, հիմնական պահանջմունքների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու մեխանիզմների իրավական հիմքերի ստեղծումն է»,-նշեց Մխիթարյանը:

Նրա խոսքով՝  հարկադիր տեղահանված անձանց կարգավիճակն  Արցախում , ինչպես Արցախյան առաջին՝  1991-1994 թվականների, այնպես էլ  2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որևէ իրավական ակտով ամրագրված չէր, ինչը մեծաթիվ խնդիրներ առաջ բերեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ բնակչության 30 տոկոսը հայտնվեց հարկադիր տեղահանված անձի  կարգավիճակում:

«Հարկադիր տեղահանված անձինք և փախստականներ եզրույթները հաճախ են առնչվում իրար՝  ընդհանրությամբ, որ  նրանք մարդիկ են, ովքեր ստիպված էին անհատապես կամ խմբերով լքել իրենց տները: Չնայած փախստականները և հարկադիր տեղահանվածներն իրականում բախվում են գրեթե նույնօրինակ  խնդիրների, նրանց միջև առկա են  ակնհայտ տարբերություններ՝ հատկապես իրավական կարգավիճակի առումով: Այդ պատճառով նպատակահարմար է ոչ թե հարկադիր տեղահանված անձանց հետ իրավահարաբերությունները կարգավորող նորմերն  արտացոլել   փախստականներին առնչվող իրավական ակտերում, այլ  ընդունել  նոր իրավական ակտ, ինչն ունի նաև քաղաքական ենթատեքստ»,-ասաց պետնախարարի խորհրդականը՝ պարզաբանելով  միջազգային և միջազգային հումանիտար իրավունքում օգտագործվող «փախստական» և «ներքին տեղահանված անձ» եզրույթները:

Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ  ներքին տեղահանվածներն այն անձինք են, ովքեր ռազմական գործողությունների, համատարած բռնությունների, ինչպես նաև տարերային  և մարդածին աղետների պատճառով հարկադրված լքում են իրենց մշտական բնակության վայրը, և տեղափոխվում են տվյալ երկրի մեկ այլ բնակավայր։  Ըստ նրա՝ միջազգային եզրույթը, որն ամրագրվել է 1998 թվականին՝ ««Երկրի ներսում տեղահանված անձանց մասին» ղեկավարվող սկզբունքներ»  փաստաթղթով, նրանց նշում է որպես տեղահանված անձինք:

«Դրան  զուգահեռ՝  մենք  ուսումնասիրել ենք բոլոր այն երկրների օրինակները, որոնք  ունեցել են նմանատիպ խնդիր և դիտարկել ենք, թե ինչպես են դա տեղավորել միջազգային իրավունքի դաշտում: Ըստ այդ  օրինակների՝ բոլորն օգտագործում են  «հարկադիր տեղահանված»  ընդհանուր եզրույթի դրույթները, որպեսզի ցույց տան, որ  այդ անձը հարկադրաբար է լքել իր տունը: Սա ամենաքիչ խոցելի եզրույթն է, որ տեղավորվում է միջազգային իրավունքի դաշտում, և  որպեսզի հետագայում այդ  անձանց իրավունքներ ներկայացվեն միջազգային  ատյաններում։ Ըմբռնմամբ մոտենալով հասարակության էմոցիոնալ  այն դիտարկմանը, թե անհրաժեշտ է օգտագործել «բռնի տեղահանված» ձևակերպումը , այդուհանդերձ,  ստիպված ենք ընտրել այնպիսի եզրույթներ, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից քիչ խոցելի կդարձնեն մեր դիրքերը, երբ կփորձենք այդ մարդկանց շահերը կամ երաշխիքները ներկայացնել համապատասխան ատյաններում: Սակայն հանրային քննարկումը միտված է նրան, որ  հասարակության լայն շրջանակների,մասնագիտական ու փորձագիտական խմբերի արձագանքները դիտարկելով, ընտրենք այնպիսի եզրույթ, որն առավելագույնս կարտահայտի տեղահանված անձանց իրավական, սոցիալական ու քաղաքական վիճակը, որի ձևակերպումները իրավաբանորեն ճիշտ կլինեն»,- ներկայացրեց Էլինա Մխիթարյանը՝  ընդգծելով, որ  ««փախստականի նման կարգավիճակում հայտնված անձինք» ձևակերպումն օգտագործվում է այն անձանց մասին խոսելիս, որոնց հանդեպ իրավական պաշտպանության մեխանիզմներ սահմանված չեն:

Արդեն հանրային քննարկման դրված օրինագծում  նշվում  է, որ  տեղահանված անձանց իրավական կարգավիճակի և պետական երաշխիքների սահմանման համար անհրաժեշտ իրավական նախապայման է հանդիսացել  Արցախի Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարին ընդունված  «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքը:

Օրինագծի աշխատանքները համակարգողի պարզաբանմամբ՝  հարկադիր տեղահանվածներին առնչվող  որոշ իրավահարաբերություններ կարգավորող ենթաօրենսդրական ակտեր ընդունվել են ցայսօր, սակայն դրանք նեղ ոլորտային են և ոչ համապարփակ.դժվարացնում են պետական մարմինների ինչպես  գործունեությունը, այնպես էլ փոխգործակցությունը: Հատկանշական է նաև կարգավիճակը սահմանող իրավական եզրույթի միօրինակության բացակայության խնդիրը. օրենքի նախագծում  ներկայացված են «ներքին տեղահանված անձ»,  «հարկադիր տեղահանված անձ» եզրույթները և դրանց իմպլեմենտացիան:

Հարցին, թե ի՞նչ տարբերություններ կան  1988-92 թվականներին Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից բռնագաղթած և «Հարկադիր տեղահանվածների մասին» օրենքի  նախագծով սահմանվող կարգավիճակ ունեցող անձանց միջև, պետնախարարի խորհրդականը նախ նշեց, որ  1988-92 թվականներին Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից բռնագաղթած անձանց հետ  հարաբերությունները կարգավորվում են ԱՀ «Փախստականների մասին» 26.11.2003 թվականի ՀՕ-80 օրենքով, ինչպես նաև «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ԼՂՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» 2004 թվականի հոկտեմբերի 20-ի  ՀՕ-135 օրենքով, որտեղ 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևյան կոնվենցիային համապատասխան  հստակ սահմանվում է «փախստական» եզրույթը և ամրագրվում են երաշխիքները:

«Այդ դաշտը կարգավորված է արդեն, չնայած պիտի նշեմ, որ իրականությունը, որ մենք ունենք կապված փախստականների հետ, ամբողջությամբ արտացոլված չէ այդ իրավական ակտերում:Դրանք լրամշակման խնդիր ունեն:  Պետք է նշել, որ մենք հարկադիր տեղահանվածներ ունեինք նաև 1991-1994,  2016 թվականների պատերազմներից, բայց այդ օրենսդրական կարգավորումը չկար: Նախընտրելի տարբերակը, իհարկե, այն է, որ փախստականների հետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ընդունմանը զուգահեռ սահմանվեր «տեղահանված անձանց» կարգավիճակը, բայց ունեցած իրավական ժառանգության պայմաններում անհրաժեշտ է, ի վերջո, կարգավորել դաշտն իրավական նմանօրինակ ուժ ունեցող նորմերով՝ օրենքով:

Պետք է մեկընդմիշտ տալ  հստակ ձևակերպումները, որպեսզի հետագայում  այդ դաշտը նույնպես կարգավորված լինի և դրան համապատասխան սոցիալական երաշխիքների տրամադրման խնդիրը լուծվի: Չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո որոշակի ենթաօրենսդրական ակտերով կարգավորումներ կան՝ օրինակ բնակապահովման, ֆինանսական վճարների, ստաժի վերականգման գործընթացների համար, սակայն դա չի նշանակում, որ պետք է մի կողմ թողնել կարգավիճակի սահմանումն օրենքով , մյուս  կողմից էլ օրենսդրական այդ  ակտի ընդունումը քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է»,-եզրափակեց Արցախի պետական նախարարի խորհրդականը՝ շեշտելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես  առաջնահերթություն՝ Արցախի կառավարությունը տեղահանված անձանց առնչվող քաղաքական, սոցիալ- տնտեսական, հոգեբանական առկա հիմնախնդիրների  հանգուցալուծման համար  առաջադրում է օրենսդրական կարգավորումների ձևաչափը:

--00—ԼՄ