Միրզոյանը Սլովակիայի արտգործնախարարի հետ Արցախում տիրող իրավիճակն է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

միր

Օգոստոսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Վլախովսկիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և 120 000 բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը ևս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից: Վերջինիս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հիշատակել է հուլիսի 29-ին ԼՂ-ից բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգման դեպքը՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում և ԼՂ բնակչությանն ահաբեկելուն ուղղված անընդունելի քայլ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործելաոճը, որը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկու որոշումներին, ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է, և դրա հետագա կանխումը պահանջում է միջազգային դերակատարների առավել խիստ դիրքորոշումներ և գործուն քայլեր:

Շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը:

Հեռախոսազանգի ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը»:

--00—ԼՀ