Բավարար չեմ համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը․ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

1115861

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարար չի համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը, միևնույն ժամանակ հավաստիացնում է, որ այս ուղղությամբ ջանքեր գործադրվում են, փորձ է արվում փոխել քննության մարտավորությունն ու որակը, սակայն արդյունքների մասին վաղ է խոսել:

Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում Վարդապետյանը խոսել է գլխավոր դատախազի պաշտոնում իր՝ շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, «ուշացած» արդարադատության, հանցագործությունների աճի մասին, նաև անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ հանդիպումների արդյունքներին և Դատախազության հիմնադրմանը նվիրված խորհրդաժողովին։

- Տիկին Վարդապետյան, շուրջ մեկ տարի է՝ գլխավոր դատախազի պաշտոնն եք զբաղեցնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում:

- Շնորհակալ եմ հարցազրույցի հետևողական հրավերի համար: Թեև տասն ամիս այնքան էլ մեծ ժամանակահատված չէ շոշափելի արդյունքների մասին խոսելու համար, բացի այդ, արդյունքները պետք է ոչ թե բարձրաձայնվեն, այլ զգալի լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի  համար, ուստի այս համատեքստում ես կառանձնացնեմ մի քանի՝ մեզ համար կարևոր արդյունքահեն փոփոխություն:

Առաջինը 2023 թվականի մարտ ամսին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական բարեփոխումն է, որով Դատախազությանը վերապահվեց դատարանում համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն: Սա նշանակում է, որ Դատախազությունն իրավունք ունի դատարանում վիճարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա անօրինական կերպով օտարվել են հանրային բարիք հանդիսացող զբոսայգիները, մանկապարտեզներն ու նմանատիպ այլ անշարժ գույքերը: Դատախազության այս լիազորությունը մեկ նպատակ ունի՝ համայնքին, ուստի նաև հանրությանը վերադարձնել ապօրինաբար օտարված անշարժ գույքը: Լիազորությունը Դատախազությանը վերապահվելուց երկու ամիս անց համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցված հայցերի թիվը հասավ 235-ի: Հայցերից մեկով դատարանում վիճարկում ենք «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, մյուսով՝ «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման և դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարելու գործընթացը: Հայցեր ունենք, որոնք վերաբերում են օտարման ոչ ենթակա զբոսայգիների՝ «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին, Նոր Նորք վարչական շրջանի «Նանսեն»-ի անվան զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը: 2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից շատ կարևոր վճիռ կայացվեց, որով բավարարվեց Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերությունների: Հայցը վերաբերում էր «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը պետությանը վերադարձնելուն:  Վարչական դատարանի ակտը բողոքարկվել է վերաքննության կարգով. Դատախազությունը սպասում է Վերաքննիչ վարչական դատարանի ակտին: Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության գործընթացն ակտիվ փուլում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում:

Օրինակ՝ Շիրակի մարզի դատախազությունը, համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, դատարան է ներկայացրել վիճարկման 22 հայց: Հայցերից մեկով Շիրակի մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող Շչորս փողոցի թիվ 2, 2/5, 2/4 հողամասերը և նույն փողոցի թիվ 2/3, 2/2 հասցեներում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասերը, որոնք «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք են, ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ և չէին կարող օտարվել: Ես արդեն նշեցի երկու ամսվա ընթացքում համայնքային շահերի պաշտպանության հայցերի ընդհանուր թիվը: Դրանցից 60-ից ավելին՝ մարզերի դատախազությունների կողմից է:

Դատախազությունն իր այս գործառույթը շարունակելու է հետևողականորեն իրականացնել և վստահ եմ, որ մոտ ապագայում, գուցե կրկին Ձեր հարցերին պատասխանելիս, առարկայական կխոսեմ ոչ թե հայցերի, այլ դատարանների ակտերի և համայնքներին վերադարձված գույքերի մասին:

Բարեփոխումների հաջորդ ոլորտը կադրայինն է. այս մասին տարբեր առիթներով խոսել եմ: Կադրային առումով մոտեցումս անփոփոխ է. որպես գլխավոր դատախազ իմ պատասխանատվությունն ու հաջողությունը ես ցանկանում եմ կիսել այն դատախազների հետ, որոնք բարեվարք են, ունեն մասնագիտական գիտելիքների բարձր նշաձող, աշխատասեր են, ազնիվ, կատարելագործում են իրենց որակները և ամենակարևորը՝ նվիրված են իրենց մասնագիտությանն ու հայրենիքին:

Կադրային առումով շատ կարևորում եմ երիտասարդների՝ ուսանողների և աշակերտների հետ տարվող աշխատանքը: Մասնագիտական կողմնորոշման առումով մենք հնարավորություն ենք տալիս ուսանողներին մեզ մոտ անցնել պրակտիկա, պարբերաբար հանդիպումներ ունենալ դատախազների հետ, նախքան դատախազների ցուցակում ընդգրկվելը՝ աշխատանքի անցնել Դատախազության աշխատակազմում:

Ինձ հաճախ են հարցնում կանանց ներգրավվածության մասին: Կանխատեսելով այս հարցը՝ նշեմ, որ խելացի և իրենց մասնագիտությանը նվիրված կանայք, վստահաբար, իրենց տեղն ունեն Դատախազությունում, այդ թվում՝ բարձր պաշտոններում:  Կանայք գիտեն Դատախազությունում գործող կանոնի մասին՝ մենք շատ ենք աշխատում և գերպատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին:

Ես նշեցի բարեվարքության մասին և կցանկանայի ընդգծել, որ այս տասն ամիսների ընթացքում դատախազների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդն անցել է բարեվարքության ստուգում: Դատախազությունում տեղի ունեցող կադրային բոլոր փոփոխությունները՝ նշանակումներն ու աշխատանքից ազատումները, հրապարակվում են պաշտոնական կայքում: Կայքում հրապարակվում են նաև թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները:

Բարեփոխումների տրամաբանությունը մեկն է՝ համակարգում թողնել ինստիտուցիոնալ հետք, դրական առումով՝ անդառնալիության կետեր:

Կցանկանայի խոսեինք նաև մարտահրավերների և խնդիրների մասին. դրանք շատ են՝ սկսած քրեական վարույթների, դատական քննության ժամկետների ձգձգումից մինչև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակ: Վստահ եմ՝ այս առումով հարցեր ունեք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ