Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի․ Վարդապետյանը՝ ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_4

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Դատաիրավական լրագրություն» դասընթացի ուսանողներին: Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Վարդուհի Պետրոսյանը:

Ի պատասխան ապագա լրագրողների հարցերի՝ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության լիազորություններին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարվող աշխատանքներին, ուշացած արդարադատության հետևանքների հաղթահարման ուղիներին, կոռուպցիոն դրսևորումներից՝ հատկապես հովանավորչության անթույլատրելիությանը:

«Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և ուսանողների հետ քննարկել մասնագիտական, աշխատանքային, էթիկական, աշխարհայացքային հարցեր, դրանց շուրջ ծավալել երկխոսություն:

--00—ՅՄ