Ֆինանսների փոխնախարարը ՎԶԵԲ տնօրենի հետ քննարկել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news

սս

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Այցի նպատակն էր ներկայացնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային գործող տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին իր պաշտոնավարման ընթացքում հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհավորելով Ալկիս Բրիենիոս Դրակինոսին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը մաղթել է արգասաբեր գործունեություն, որը, վստահաբար, կնպաստի Հայաստան-ՎԶԵԲ գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Հատկանշական է, որ Ալկիս Բրիենիոս Դրակինոսը ՎԶԵԲ երևանյան գրասենյակի առաջին ղեկավարն է և պաշտոնավարել է 1999-2000թթ.:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հաջորդ տարի Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպչական աշխատանքներին:

--00—ՍՊ