Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է Ավինյանի առնչությամբ վարույթ հարուցելու հիմքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Առավոտին» տեղեկացրել է, որ Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի քաղաքապետի տեղակալի և, միաժամանակ, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները զբաղեցնելու փաստի առնչությամբ անհամատեղելիության պահանջների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ «Հանձնաժողովում իրականացվում են մի շարք գործողություններ. մասնավորապես, իրականացվում է շահերի հայտարարագրի ուսումնասիրություն, ինչպես նաեւ քննարկվում է բաց աղբյուրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված տեղեկատվության հիման վրա վարույթ հարուցելու հիմքերը», գրում է aravot.am-ը։

Ավելի վաղ «Առավոտը« հանձնաժողովին խնդրել էր տեղեկացնել՝ արդյոք Տիգրան Ավինյանի կողմից պահպանվել են օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները, թե ոչ։ Եթե ոչ, ապա արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեռնարկել է (կամ նախատեսում է ձեռնարկել) օրենքով սահմանված համապատասխան գործողություններ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 25-ին պատասխան գրությամբ մասնավորապես տեղեկացրել էր, որ վարույթ դեռևս չի նախաձեռնել։

Ինչից հետո «Առավոտը» հարցում էր ուղարկել, թե արդյոք «Վարույթ դեռևս չնախաձեռնված լինելու ձևակերպումը ենթադրո՞ւմ է, որ Հանձնաժողովն արդեն իսկ ձեռնարկել է օրենքով նախատեսված վարույթ հարուցելուն ուղղված նախապատրաստական միջոցառումներ»։ Հարցմանն ի պատասխան էլ ստացել ենք վերոհիշյալ տեղեկությունը։

--00—ԼՄ