ՌԴ-ն չնեղացրեց կողմերին․ Ադրբեջանի մասով տեքստից հանվել են «Արցախ», ՀՀ-ի մասով՝ «միջանցք» բառերը

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

գ

Ալիևը հույս ուներ, որ, ամեն դեպքում, իրեն կհաջողվի Արցախի կարգավիճակի հարցը հանել բանակցություններից և այդ մասին ընդհանրապես մոռանալ։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցություններին։

Երեկ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո ընդունվել էր նաև համատեղ հայտարարություն։

Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ Առանձնազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է 2 տարի առաջ։

Այսօր «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի բացման ելույթներից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Լեռնանին Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն հարցն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, «երբ կձևավորվեն այս հարցին բոլորի համար ընդունելի արդար որոշման պայմաններ»։

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Գրիգոր Բալասանյանի խոսքերով, Սոչիում բանակցություններով ընդունված վերջնական հայտարարության մեջ «Արցախ» բառը չկար, բայց այնտեղ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ մի երկու հարցեր կան, որոնք հանվել են եռակողմ հայտարարության նախնական տարբերակից։

«Եվ ենթադրում եմ, որ մեկը հենց Արցախի հարցն էր։ Բայց, ամեն դեպքում, երկու կետով անդրադարձ եղավ Արցախի հարցին։ Այսինքն, երբ որ նշվեց ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության գոտու մասին, այդ տարածքը հենց Արցախն է։ Թեկուզ անուղղակի, բայց շեշտվեց, որ Արցախի հարցը լուծված չէ, հետևաբար՝ խաղաղապահները դուրս կգային այնտեղից։ Եվ երկրորդ, Ալմա-Աթայի հռչակագրի մասին շեշտվեց։ Ալմա-Աթայում մենք և Ադրբեջանը ժամանակին ստորագրել ենք պայմանագիր այդ պահի դրությամբ սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, իսկ այդ ժամանակ Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Մոսկվան այստեղ չցանկացավ Ադրբեջանին նեղացնել և մտցնել «Արցախ» բառը, միևնույն ժամանակ Արցախը չթողեց բախտի քմահաճույքին, և անուղղակի կերպով ներառեց։ Դրա համար է նաև Ռուսաստանի դեսպանը նման հայտարարություն անում», - ընդգծեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ ամեն դեպքում, Ալիևին չհաջողվեց հասնել իր նպատակին, և Արցախի հետագա ճակատագրի հարցը ստիպված է լինելու քննարկել Հայաստանի և Ռուսաստանի հետ․ «Եվ նաև բացատրություն տալ իր երկրի քաղաքացիներին, թե ինչո՞ւ, երբ հայտարարում է, որ հակամարտությունը լուծվել է, դեռ տարիներ շարունակ ձգձգվում է դրա կարգավորումը»։

Ըստ պաշտոնական եռակողմ հայտարարության՝ երկրների ղեկավարները Սոչիում քննարկել են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը և այլն։

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն ասաց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը նոր անակնկալներ չպետք է խոստանա։ «Ըստ էության, միջանցքի թեման իսպառ հանվեց։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նշել էր, որ յուրաքանչյուր պետություն իր սահմանների նկատմամբ ունենալու է սուվերենություն։ Կարծում եմ՝ եռակողմ հայտարարությունից երկրորդ բառը որ հանվել է, «միջանցք»-ն է եղել։ Այսինքն՝ «Արցախ»-ը հանվել է Ադրբեջանի խնդրանքով, «միջանցք»-ը Հայաստանի պնդմամբ։ Ռուսաստանը չի ցանկացել կողմերից որևէ մեկին վիրավորել կամ միակողմանի դիրքորոշում ցուցաբերել: Հարաբերությունները կգնան բնականոն հունով, ճանապարհները բացվելու են, հաղորդակցության ուղիները բացվելու են, բայց միջանցքի տրամաբանության մասին Էրդողանը և Ալիևը, կարծես թե, պետք է մոռանան», - եզրափակեց փորձագետը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ