Կոտայքի ՄՓՎ-ն Եղվարդի դպրոցում ուսումնավարժություն է անցկացրել. աշակերտները տարահանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

84453_b.jpg

Կոտայքի մարզային փրկարարական վարչության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը քաղաքի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով:

Ըստ մտահղացման՝ էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել. վնասվել են գույքը, պատուհանները, կրակը տարածվել է դեպի միջանցք: Տուժել են աշակերտներ, իսկ որոշները՝ ուսուցիչների հետ միասին, հայտնվել ծխապատ գոտում:

Առաջին տեղամասում Եղվարդի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջում՝ օգտագործելով համապատասխան գույք, իսկ երկրորդ տեղամասում ՀՓՋ-ի անձնակազմը փրկարարական պարանների միջոցով շենքում արգելափակված աշակերտներին, այդ թվում վնասվածք ստացածներին, դուրս է բերել: Բացի այդ, դպրոցում գործող խմբակները մուտքից պատգարակներով տարահանել են տուժած մարդկանց:

Ուսումնավարժությունն անցկացվել է Կոտայքի մարզպետի կողմից հաստատված պլանի համաձայն, կազմակերպվել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի, Կոտայքի մարզպետարանի, շտապօգնության, ոստիկանության, գազի սպասարկման ծառայության, դպրոցի տնօրինության համատեղ ջանքերով։

Տարահանմանը ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Հ. Մկրտչյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կ. Հունանյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Գ. Սեդրակյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը, Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հ. Ասատրյանը և հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Ա. Սարդարյանը:

Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը պարգևատրել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի՝ տարվա ընթացքում աչքի ընկած երկու աշխատակիցներին։ Տեղի է ունեցել կատարված աշխատանքների ամփոփիչ քննարկում, բացթողումների վերհանում։ Դպրոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին։

--00—ԶՀ