Այս պատերազմն Ադրբեջանը բացեիբաց վարում է ՀՀ դեմ՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

301454762_10226272796276580_2514930411185212920_n.thumb_.jpg

Ադրբեջանի գիշերային լայնամասշտաբ հարձակումից անցել է շուրջ 15 ժամ։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այս պահի դրությամբ։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«▪️ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի գիշերը սկսել է Հայաստանի դեմ պատերազմի հերթական փուլը։

▪️ Սեպտեմբերյան այս դավադիր հարձակումը 2020 թ. սեպտեմբերից հետո աննախադեպ է իր ծավալներով և նշանակությամբ, ուստի այն միանշանակ կարելի է որակել որպես ՊԱՏԵՐԱԶՄ (այլ ոչ թե ուղղակի «սադրանք», «հարձակում», «սահմանային լարում» և այլ)։

▪️ Այս պատերազմը Ադրբեջանը բացեիբաց վարում է Հայաստանի Հանրապետության դեմ և Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Դա փաստ է, որի մասին հայտարարել է թե՛ Ադրբեջանի, թե՛ ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը։

▪️ Ավելին, ՀՀ դե-ֆակտո ղեկավարության բոլոր գործողությունները հենց պատերազմական տրամաբանությամբ են (օր.՝ միջազգային կառույցներին դիմելը), ուստի առնվազն տարօրինակ է, թե ինչու չի կիրառվում «պատերազմ» բառը։

▪️ Ադրբեջանական հարձակումը ընթանում է 6 հիմնական ուղղություններով. Գեղարքունիքի արևելքում և հյուսիս-արևելքում (Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի, Գեղամասար), Վայոց Ձորի հյուսիսում (Ջերմուկ), Սյունիքի ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով (Իշխանասարից Գորիս և մինչև Կապան)։ Մարտերը շարունակվում են գրեթե բոլոր ուղղություններով։ Սա աննախադեպ մեծ մասշտաբ է։

▪️ Ադրբեջանը կրակի տակ է պահում ոչ միայն հայկական պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները՝ տներից մինչև շտապ օգնության մեքենաներ։ Մենք ունենք առնվազն 49 զոհ, իրականում՝ այդ թիվն ավելին է (այդ մասին է խոստովանել նաև դե-ֆակտո վարչապետը)։

▪️ Ադրբեջանը և Թուրքիան երեք հիմնական նպատակ են հետապնդում այս պատերազմով.

1) ստիպել ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը ստորագրել Հայաստանի համար կործանարար պայմանագիրը (այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր»),

2) գրավել ՀՀ-ից նոր տարածքներ, հատկապես նրանք, որոնք ընկնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքների» հատվածում,

3) ստանալ նոր գերակա դիրք Հայաստանում՝ առաջիկա հնարավորության դեպքում Հայաստանի տարածքում էլ ավելի խորանալու և նոր տարածքներ նվաճելու համար։

▪️ Պատերազմը շարունակվում է։

Շարունակվում է մեզ համար կորուստներով, սակայն այն հնարավոր է կանգնեցնել, եթե լինի բավարար կամք։ Դե-ֆակտո իշխանությունը չունի դա, չունի նաև քաղաքական հստակ ծրագիր, գիտելիքներ, հմտություն և ապավինել է ադրբեջանցիների բարեհաճությանը, որը, ինչպես հասկանում եք, չկա և չի լինելու։

Ուստի մնում է ձևավորել ազգային իշխանություն և աշխատել համազգային մոբիլիզացիայի ուղղությամբ։ Առանց դրա նոր տարածքային ու մարդկային կորուստներն անխուսափելի են»։

--00—ԶՀ