Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները կրկին ցեղասպանության պրոպագանդա են անում

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Լառենին

Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Ռաֆաել Լառեինան Հայոց ցեղասպանության ճանաչման համար աշխատելու իր պատրաստակամությունն է հայտնում հայ ժողովրդին:  Նա նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով՝ «Արմենպրես»-ին տրամադրված իր ուղերձում: 

«Հայոց ցեղասպանության այս նոր տարելիցի կապակցությամբ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին՝ նաև Արցախում և սփյուռքում։ Եվ կարծում եմ, որ այս տարի հատկապես պետք է մեր աջակցությունը ցույց տանք հայ ժողովրդին, որովհետև ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կառավարությունները կրկին ցեղասպանության պրոպագանդա են անում, հայ ժողովրդի նկատմամբ ատելություն են սերմանում»,-նշում է քաղաքական գործիչը:

Լառեինան կարծում է, որ հենց այս պատճառով անհրաժեշտ է, որ իրենք՝ Եվրոպայի ժողովրդավարական ազգերն իրենց աջակցությունն ու պաշտպանությունը հայտնեն հայ ժողովրդի՝ սեփական մշակույթը, սեփական կյանքն ու պատմությունը ունենալու իրավունքին:

«Կարծում եմ, որ Եվրոպայի ժողովրդավարական ազգերը պետք է առավել մեծ և իրական աջակցություն ցուցաբերեն հայ ժողովրդին։ Այդ պատճառով այսօր ուզում եմ Արցախի և աշխարհի տարբեր ծայրերում սփռված բոլոր հայերին իմ աջակցությունն ու աշխատելու պատրաստակամությունը հայտնել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-ասում է նա ու հավելում, որ պետք է շարունակել աշխատել, որպեսզի այլևս երբեք ցեղասպանություններ չլինեն՝ ոչ Հայաստանում, ոչ էլ աշխարհի որևէ այլ կետում։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

--00—ՄՀ