44-օրյա ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախում ցեղասպանություն էր. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News  

պատերազմ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ նիստին ելույթ է ունեցել, որում, մասնավորապես նշել է․  

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է լրջագույն ճգնաժամային իրավիճակում: Այդ ճգնաժամը ոչ միայն փոխադարձ հակամարտությունների, մրցակիցներին շարքից հանելու, նոր կորոնավիրուսի ազդեցության հետևանք է, այլև մի կողմից վայրի լիբերալիզմի, համաշխարհային գլոբալիզմի, ապազգայինի, և մյուս կողմից՝ ազգային ինքնության ու ազգային նկարագրի, ազգային արժեքների և ավանդույթների, ազգային պետության պահպանման միջև բիրտ պայքարն է:

Ինձ համար մեկ բան ակնհայտ է. եթե դու չես կարողանում գնահատել ազգային արժեքները, ընտանեկան արժեքները, լսել նախնիներիդ կանչը, ուրեմն դու մերժում ես այն, ինչից դու լույս աշխարհ ես եկել:

Բոլորին է հայտնի, որ նեոլիբերալիզմի և գլոբալիզմի գաղափարները գործնականում կյանքի կոչելու համար աշխարհում տասնյակ տարիներ ի վեր հայտնի է այսպես կոչված «Բաց հասարակության հիմնադրամը» կամ այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամը:

Այս հիմնադրամը աշխարհի տարբեր երկրներում ֆինանսավորում է հասարակական, իրավապաշտպան և այլ կազմակերպությունների: Սորոսի հիմնադրամի գումարներով բազմաթիվ երկրներում տեղի են ունեցել իշխանափոխություններ և հեղաշրջումներ, ազգային արժույթները տապալվել են, որի հետևանքով շատ երկրներում ծաղկել է աղքատությունը:

Խոսքը գնում է տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների մասին:

Դրա վառ օրինակն է Ալեքսեյ Նավալնիի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում: Թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Նավալնին ՌԴ-ում, շատ լավ գիտեն Ռուսաստանում, բայց մի բան ակնհայտ է՝ որպես ընդդիմության առաջնորդ նա որևէ ժողովրդականություն չի վայելում, բայց, ինչպես ասում են, պղտոր ջրում ցանկանում է ձուկ որսալ:

Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ՝ պետք է ասեմ, որ 2018թ. մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության իրականացման գործում նույնպես մեծ և վճռական դերակատարություն ունեցան այսպես կոչված «սորոսականները», որոնք տարիներ շարունակ ձևավորել էին իրենց ցանցը՝ իրավապաշտպանների, ԶԼՄ-ների և մի շարք հասարակական կազմակերպությունների միջոցով՝ ստանալով ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ:

Փոքր չափերով Հայաստանում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումը հանրային կյանքի տարբեր բնագավառներում ունեցավ վճռական ազդեցություն: Օգտագործելով նախկինների բացթողումները և սոցիալական խնդիրները, արդարության դեֆիցիտը՝ նրանք ժողովրդի դժգոհությունն օգտագործեցին ապազգային քաղաքականության իրագործման համար:

Այժմ էլ ՀՀ-ն անվտանգային առումով լուրջ խնդիրներ ունի: Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը և դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ և ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախում իրական ցեղասպանություն էր: Մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարից ավել վիրավորներ, խեղված ճակատագրեր: Եվ որքան էլ մեր երիտասարդ զինվորների, փորձված աշխարհազորայինների ազգային ոգին բարձր է, սակայն ապազգային և սորոսական գլոբալիստական կառավարման համակարգը կախված էր մեր հերոսների ոտքերից՝ որպես քար: Արդյունքում մենք զիջեցինք 90-ականների մեր հաղթանակը:

Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում:

Եվրոպա՛, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր դու 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչու՞ ձայնդ չէր լսվում:

Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը:

Եվրոպան բացակա էր:

Հիմա եթե Ռուսաստանը լիներ Եվրոպայի նման հեռու, մենք չէինք ունենա ընդհանրապես Արցախի փրկված մասը, իսկ ՀՀ-ն կհայտնվեր շատ բարդ իրավիճակում:

Նավալնու երազած Ռուսաստանը ազգային ինքնությունը կորցրած Ռուսաստանն է, որը շատ ու շատ հեռու կլինի իմ հայրենիքից:

Սեփական հոր և մոր դեմ չի՛ կարելի գնալ, Ալեքսեյ Նավալնի:

Եվրոպա՛, ավելի ճիշտ՝ գլոբալիստների ձեր ճգնաժամը մի՛ փաթեթավորեք ՌԴ-ի միջոցով և մի՛ օգտագործեք Նավալնուն՝ որպես էժանագին գործիք:

Դա ապագա չունի»

 --00—ՄՀ