Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են կեղծել պատմությունը․ Արա Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 24,  24News

Աբրահամյան

Հայ ժողովրդի պատմության մեջ գարունը, ցավոք, մտազուգորդվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ողբերգության հետ, ասվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում: Գրել է Tert.am-ը։

«Ցեղասպանությունը մեր ընդհանուր ցավն է, և այն մնում է մեր հիշողության մեջ։ Հայերի ամեն մի նոր սերունդ, անկախ ծննդավայրից ու բնակավայրից, գիտակցում է ողբերգության ու անարդարության ամբողջությունը։ Այսօր Երևանում, Մոսկվայում և աշխարհի հարյուրավոր այլ քաղաքներում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ։

Մեզ՝ հայերիս համար հիշողությունը կարևոր բարոյական պարտք է։ Մենք հիշում ենք մեր մեկուկես միլիոն սպանված նախնիներին, որոնք դաժան զրկանքներ են կրել»,- հայտնել է Աբրահամյանը։

Ռուսաստանի հայերի միության նախագահ նշել է՝ թեև անցել է ավելի քան հարյուր տարի, հայերը երախտագիտությամբ են հիշում բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանության ժամանակ փրկել են հայերի կյանքը, ապաստան են տվել և մարդասիրական օժանդակություն ցուցաբերել։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մենք երախտագիտությամբ ենք հիշում ոչ միայն Պետական Դումայի՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունները, այլև այն, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահը Երևանում մասնակցեց ոգեկոչման միջոցառումներին և ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում: «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից է։ 1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ամբողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվեցին որպես սեփական վիշտ», ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միության կազմակերպած «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված իր ուղերձում»,- նշել է Աբրահամյանը։

Աբրահամյանն արձանագրել է՝ «ժամանակակից Թուրքիայի իշխանությունները ոչ միայն համառորեն հավատարիմ են իրենց ժխտողականության քաղաքականությանը, այլև Ադրբեջանի հետ շարունակում են կեղծել պատմությունը և ցեղասպան քաղաքականություն վարել հայ ժողովրդի նկատմամբ»։

«2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ողբերգական պատերազմն ու դրա տխուր հետևանքները հերթական անգամ ապացուցեցին դա։ Եվ որքան էլ Անկարան ու Բաքուն քողարկվեն «խաղաղասեր» կարգախոսներով, առանց ոճրագործության համար իրենց մեղքի ճանաչման և առանց ապաշխարության պատմության ողբերգական էջերը չեն շրջվի, հետևաբար տարածաշրջանում լարվածության վերացման մասին խոսելն անտեղի է։

Ավելի քան հարյուր տարի առաջ մեր ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենադաժան էջը։ Բայց մենք ոչ միայն գոյատևեցինք, այլև ստեղծեցինք մեր անկախ պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ազատ Արցախը, ակտիվ սփյուռքը։ Աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած հայերը հաջողությամբ ինտեգրվել են՝ պահպանելով իրենց ինքնությունը և Հայաստանի հետ կապը։

Մեր անկախությունն ու մեր վերածնունդը դարձել են հարյուր տարի առաջ հայ ժողովրդի ոչնչացման փորձի գլխավոր պատասխանը։ Ես համոզված եմ՝ մենք կարող ենք հիմա էլ վերածնվել և կառուցել մեր հայրենիքի արժանապատիվ ապագան։ Եվ դա մեր պատասխանն է լինելու այսօրվա ագրեսիային և հայոց պետականությունն ու ժողովրդին ոչնչացնելու փորձերին։

Մենք գլուխ ենք խոնարհում և հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և թույլ չենք տա որևէ մեկին կրկնել այդ ոճրագործությունը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք այսօր՝ աշխարհասփյուռ հայության համար այս կարևոր օրը, մեզ հետ են»,- եզրափակել է Աբրահամյանը։

--00—ՄՀ