Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ-ն պետք է թույլ չտա, որ խաբեն իրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

զատուկին

Մոսկվայում ՌԴ Հայերի միության կազմակերպած՝ «Ցեղասպանութունը և Առաջին աշխարահամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով միջոցառման ժամանակ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով ՌԴ-ի վարած արտաքին քաղաքականությանը, ընդգծել է, որ ռուսական քաղաքականությունը Կովկասում հաշվի է առնում պատմական հիշողությունը՝ կապված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ: 

Կոնստանտին Զատուլինը հիշեցրել է հայ ժողովրդի պատմական հիշողության հարցում ՌԴ նախագահի դիրքորոշման մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը 2015-ի ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդում՝ ներկայացնելով նաև ՌԴ դիրքորոշումը 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին։

«Հիշում եմ՝ ինչքան էին այն ժամանակ համոզում չգնալ Երևան, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Ռուսաստանի նախագահը գերադասեց գնալ և ասել ամեն ինչ, ինչպես որ իրականում եղել է: Եվ այժմ, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ մեկնաբանություն տալով, Պուտինը բացատրել է, թե ինչու է դեմ թուրք խաղաղապահներին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելուն: ՌԴ նախագահի այդ դիրքորոշումն արժանի է ամեն տեսակի աջակցության»,- ասել է Զատուլինը, ապա հավելել, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայի քաղցր խոսքերին, այլ պետք է նայել իրականության աչքերին և թույլ չտալ, որ խաբեն քեզ:

«Լսել ենք այսպես կոչված «գոլոդոմորի» մասին, լսել ենք Խոջալուի մասին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններ ժամանակ: Սակայն ցեղասպանությունը համակարգային բնորոշում ունի: Դրանք փաստաթղթերով վավերագրված գործողություններ են, ամբողջ ժողովրդի բնաջնջման մասին որոշումներ: Ոչ մի նման բան «գոլոդոմորի» կամ Խոջալուի դեպքում չի եղել»,- ասել է Զատուլինը:

Քաղաքական գործիչը մեկնաբանել է, որ կոչ չի անում խզել հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն պետք է ճիշտ գնահատական տալ պատմական անցյալին: 

--00—ԼՄ