Մովսես Հակոբյանը հայտարարագրում գույքի դիմաց նշել է՝ «հանձնել եք թշնամուն»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Մովսես Հակոբյան

Տասն օր առաջ զավեշտալի դեպք է գրանցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շենքում: Yerevan.Today-ին հայտնի է դարձել, թե ինչպես է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանը իր ունիկալ, բայց ցավալի գրառումներով մեծ լարվածություն է առաջացրել էթիկայի հանձնաժողովականների մոտ:

Արցախում բնակված գեներալ-գնդապետն իր ամբողջ կարողությունները, բնականաբար, կուտակել էր հանձնված տարածքներում․ հայտարարագրելիս մարդը ստիպված անկեղծացել է։

Որպեսզի գործող իշխանությանը Արցախում իր ունեցվածքի մասին վերջին հայտարարագիրը ներկայացնի, գեներալ-գնապետ Մովսես Հակոբյանն ամեն մի անշարժ գույքի  գտնվելու շրջանը,  հողի ու առանձնատան արժեքը, մակերեսը նկարագրելիս տողի վերջում լրացրել է՝ «հանձնել եք թշնամուն», «տվել եք հակառակորդին», «նվիրել եք Ալիևին»: Սա, ըստ աղբյուրի, բավականին լուրջ խառնաշփոթ է առաջացրել հանձնաժողովի ներսում, ավելորդ սկանդալից խուսափելու համար խնդրել են գեներալին՝ վերանայել գրառումները: Մոսին սկզբում հրաժարվել է՝ ասելով, որ իրողությունը ներկայացրել է այնպես, ինչպես կա, սակայն ավելի ուշ  գեներալ-գնդապետի հետ տարածք մտած մտերիմներից մեկի միջամտությամբ խմբագրվել է ծնունդով հադրութցի գեներալի հայտարարագիրը։ Իսկ թե ինչպես՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումից հետո պարզ կդառնա:

Կայքի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չի հերքել իր հայտարարագիրը  յուրահատուկ ձևակերպումներով ներկայացնելու մասին լուրը․ միայն քմծիծաղով հավելել է․

«Իսկ ի՞նչ պիտի անեի... Գրեի՝ վաճառե՞լ եմ,  հա՞, կեղծե՞ի հայտարարագիրս , թե՞ գրեի՝ ինքս եմ նվիրել  թշնամուն՝ իմ ձեռքով, իմ ստեղծածը... էս ա իրականությունը։ Այն է, ինչ կա։ Բայց ասեմ՝ այդ անկեղծությունը, ցավոք, չի արտացոլվել վերջնական հայտարարագրում»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ