Արշակ Հակոբյանն առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա տունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Արշակ Հակոբյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա  ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 

Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի և «Samand Soren 1.8» մակնիշի երկու ավտոմեքենաները :

Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները: 

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

--00--ԱԹ