Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված 3 նոր սահմանափակում է ուժի մեջ մտնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Վրաստան սահմանափակում

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ևս մի քանի կանոնակարգ է ուժի մեջ մտնում այսօրվանից: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարությանը կից գործող համակարգող խումբը:

Դիմակ կրելը պարտադիր դարձավ նաև բաց տարածքներում

Վրաստանում նոր կորոնավիրուսի հետ կապված նոր կարգավորումների համաձայն՝ դիմակ կրելը պարտադիր դարձավ նաև բաց տարածքներում: Այս մասին կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով համակարգող խմբի նիստից հետո հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Նրա խոսքով՝ բաց տարածքներում դիմակ չկրելը կտուգանվի 20 լարիով:

Ռեստորանները 22:00-ից հետո կփակվեն երկրի ողջ տարածքում

Վրաստանի ողջ տարածքում արգելվեց ռեստորանների ու ժամանցային օբյեկտների գործունեությունը ժամը 22․00-ից հետո: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ից, մայրաքաղաք Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում սահմանափակվել էր ռեստորանների և բոլոր ժամանցի վայրերի աշխատանքը ժամը 22:00-ից: Դրանից օրեր անց արգելքն ուժի մեջ մտավ նաև Մցխեթայում:

Դպրոցներն անցան հեռավար ռեժիմի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմով: Կորոնավիրուսի հետ կապված կարգավորումների շարքում տեղ են գտել  Թբիլիսիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Զուգդիդիի, Զեստաֆոնիի, Գորիի, Փոթիի, Մառնեուլիի, Գարդաբանիի ուսումնական հաստատությունները:

--00--ԱԹ