Ալեն Սիմոնյանն ուղեղի ցնցում է ստացել ծեծկռտուքից հետո․ սկսվել է դատաբժշկական քննություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ալեն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ուղեղի ցնցում է ստացել Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Սիմոնյանը 3 օր ստացիոնար բուժում է ստացել, ներկայումս շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ 

«Սիմոնյանը նաև գլխապտույտ և գլխացավ ունի, ստացված վնասվածքի ծանրության վերաբերյալ հստակ կիմանանք դատաբժշկական փորձաքննությունից հետո, այն դեռ չի ավարտվել», - նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև։ Միջադեպից հետո Արթուր Դանիելյանը և Ալեն Սիմոնյանը տեղափոխվել էին հիվանդանոց: Տեղի ունեցածից հետո ոստիկանություն հաղորդումներ են ներկայացվել և՛ Ալեն Սիմոնյանի, և՛ Արթուր Դանիելյանի կողմից: Ներկայումս դեռ նյութեր են նախապատրաստվում: 

Նշենք նաև, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պարզաբանել էր միջադեպը՝ նշելով, որ, իր բարևին ի պատասխան, Արթուր Դանիելյանը հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին: Արթուր Դանիելյանը միջադեպից հետո քթի վնասվածքով «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել : 

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ևս ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ անդրադառնալով միջադեպին և հայտարարել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը»:

Սոնա Գրիգորյան